Լաչինի միջանցքը պիտի բացվի ըստ միջազգային բոլոր օրենքների

«Ամերիկայի ձայնը» գրում է․ Քաղաքական վերլուծաբանները միակարծիք են այն հարցում, որ Լաչինի միջանցքը պիտի բացվի, այլապես այն կարող է դիտվել որպես ազգային մաքրազտման փորձ, ինչը ՄԱԿ-ի օրենքների համաձայն, համարվում է ծանրագույն հանցագործություն: Փոքր չի այն փորձագետների թիվը, որոնց կարծիքով այս ամենը մի օր կարող է գործել ընդդեմ Բաքվի:

Դեկտեմբերի 12-ից շարունակում է փակ մնալ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կապող միակ ուղին` Լաչինի մարդասիրական միջանցքը, ինչի արդյունքում ավելի մեծ ստվեր է ընկնում ռուս խաղաղապահների դերի վրա, որոնց հետ կապված, 44-օրյա պատերազմից հետո առկա էր հույսի նշույլ: Հակառակ սրան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ հանդիպման ընթացքում Ռուսաստանի փոխներկայացուցիչ Աննա Եվստիգնեևան փորձում էր վստահեցնել, որ «ռուս խաղաղապահները շարունակում են հանդիսանալ տարածաշրջանում կայունության երաշխավորը և արդյունավետորեն են կատարում իրենց առջեւ դրված խնդիրները»:

Ռազմական վերլուծաբան Ռոբերտ Համիլթոնի կարծիքով, ռուսական զորախումբը Լեռնային Ղարաբաղում բավականին փոքր է՝ շուրջ 2000 զինծառայող, հակամարտության հետագա սրացումը կանխելու համար:

«Ջարդերն ու բռնի տեղահանությունները նորություն չեն հայերի համար, որոնք 20-րդ դարասկզբին արդեն իսկ ենթարկվել են ցեղասպանության»,- «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասում է միջազգային քրեական հարցերով իրավաբան, մարդու իրավունքների հարցերով փորձագետ Շեյլա Փայլանը, որն ավելի քան 15 տարի աշխատել է որպես Միավորված ազգերի կազմակերպության իրավախորհրդատու:

Նա շատ վտանգավոր է համարում Ադրբեջանի նախագահ Ալիեւի ներկա հայտարարություններն այն մասին, որ «չկա հայ ազգ, եւ որ հայերը չունեն այս տարածաշրջանի որեւէ հատվածում ապրելու իրավունք»: Նա հիշեցնում է ցեղասպանությունները կանխելու նպատակ ունեցող միջազգային կազմակերպություններին, որոնք հնչեցնում են ցեղասպանության տագնապի ազդանշան. «Կարծում եմ, որ վերջին ժամանակներս մեծ ու դրական տեղաշարժ է եղել միջազգային կազմակերպությունների ու միջազգային համայքնի կողմից մասնակցության հարցում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և առանձին անդամ պետությունների աճող թվաքանակն աստիճանաբար հանդես են գալիս ավելի համարձակ և ավելի խիստ հայտարարություններով»:

Նրա խոսքով, սա նշանակալից քայլ է, քանի որ Ադրբեջանը չի կարող անտեսել Անվտանգության խորհրդի այդքան հստակ կոչը՝ առանց որևէ արձագանքի:

Ինչպես միջազգային քրեական հարցերով իրավաբանն է ասում, Ադրբեջանի միակ խելամիտ քայլը շրջափակման վերացումը պիտի լինի:

«Միջազգային համայնքը պիտի անի ամեն ինչ, որպեսզի չկրկնվեն նախկինում տեղի ունեցած ողբերգությունները, ոչ միայն ցեղասպանությունը, այլ նաեւ տեղի չունենա ազգային մաքրազտում», – ասում է նա:

«ՄԱԿ-ի կանոնադրության յոթերորդ գլխի համաձայն, միջազգային հանրությունը կարող է ավելի լուրջ գործողություններ ձեռնարկել, այդ թվում կարող է հաստատել խաղաղապահ այնպիսի առաքելություն, որը կարող է ստանալ ռազմական գործողությունների դիմելու թույլտվություն», ասում է Շեյլա Փայլանը:

Վերլուծաբան Ջոշուա Կուցերան «Եվրասիանետ» պարբերականում վերջերս գրել էր, որ աշխարհի անտարբերությունն ու դյուրահավատությունը պարզապես կարող են քաջալերել Բաքվի բռնապետին: Նա շեշտում է, որ այսօր խորանում է խաղաղապահների ներկայության անհրաժեշտությունը, եւ ավելացնում, որ այդ ուժերի դեմ Բաքվի հակազդեցությունը կարող է ի վերջո շրջվել հենց ընդդեմ Բաքվի:

Տեսանյութեր

Լրահոս