Ադրբեջանական նարատիվի կեղծ լինելու հերթական ապացույցը. ադրբեջանցիները ՌԴ խաղաղապահների ավտոշարասյանը թույլ չեն տվել անցնել Լաչինի միջանցքով

Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես են Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիներն արգելում Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի ավտոշարասյանն անցնել միջանցքով:

Տեսանյութին անդրադարձել է նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ այս տեսանյութը ևս մեկ անգամ հերքում է ադրբեջանական կեղծ թեզը, թե իրենք Լաչինի միջանցքը չեն փակել:

«ՌԴ խաղաղապահը մոտենում է ադրբեջանցի «բնապահպաններին»՝ խնդրելով բացել ճանապարհը ՌԴ խաղաղապահ զորակազմի ավտոշարասյան համար: Սակայն, մերժում ստանալով, նա բեռնատարների վարորդներին հրամայում է շրջվել և հեռանալ: Սա ադրբեջանական նարատիվի կեղծ լինելու հերթական ապացույցն է»,- գրել է Ստեփանյանը:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ օրս փակ է պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը: Ադրբեջանը կեղծ թեզ է շրջանառում առ այն, որ ոչ թե իրենք են փակել Լաչինի միջանցքը, այլ ՌԴ խաղաղապահները: Նույն թեզը դեկտեմբերի 21-ին հնչեցրել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Հայաստանին դիմումի հիման վրա քննարկում էին Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:

Տեսանյութեր

Լրահոս