Հումանիտար հարցերը պետք է լինեն ուշադրության կիզակետում. ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին
Իրանն ընդգծում է հումանիտար հարցերի կարևորությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի առնչությամբ:
Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:
«Իրանը միշտ ներկայացրել է իր դիրքորոշումը Կովկասի տարածաշրջանի իրադարձությունների վերաբերյալ, և դրանք միշտ եղել են հստակ: Իրանի ուշադրության կենտրոնում միշտ եղել է տարածքային ամբողջականությունը և հարգանքը միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ: Բազմիցս նշվել է և շեշտադրվել է հումանիտար հարցերի կարևորությունը Լաչինի միջանցքի հետ կապված խնդիրների առնչությամբ»,-շեշտեց նա:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր քայլի ընթացքում տարածաշրջանում հումանիտար հարցերը պետք է լինեն առաջնային, և բոլոր հարցերի լուծման լավագույն տարբերակը սեղանի շուրջ բանակցություններն են:
«Այդ դեպքում է միայն ուշադրություն դարձվում հումանիտար հարցերին, և բնակչության առողջության հարցը կարևոր տեղ է գրավում: Հույս ունենք, որ իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի և ամեն ինչ լավ կլինի»,-եզրափակեց դեսպանը:
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արտահերթ նիստով քննարկել է Լաչինի միջանցքի հարցը, անդամ երկրների ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով՝ հիմնականում շեշտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պահպանման՝ Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությունը: