ԱՄՆ-ն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան, մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լին Թրեյսիին:
Ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից, արդյունավետ համագործակցությունը փաստող մտքերի փոխանակումից հետո Ալեն Սիմոնյանը նշել է, որ թեեւ դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանի համար ծանրագույն ժամանակաշրջանում էր, այնուամենայնիվ, պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները հասել են ավելի բարձր մակարդակի: Նա հավելել է, որ հայ-ամերիկյան համագործակցության խորհրդարանական ձեւաչափը նոր նշաձող է սահմանել: Ալեն Սիմոնյանն ընդգծել է դեսպանի կատարած ծավալուն աշխատանքի կարեւորությունը դիվանագիտական եւ հանրային հարթակներում:
«Շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հասցեական արձագանքի համար: Նշեմ, որ Միացյալ Նահանգներն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին հետագա գործունեության ընթացքում՝ վստահություն հայտնելով, որ ցանկացած պարագայում դեսպանը կպահպանի բարեկամական կապերը Հայաստանի հետ: