Բաժիններ՝

Greenpeace-ը դատի է տվել Բրիտանիայի կառավարությանը Հյուսիսային ծովում նավթի և գազի նոր հանքավայրերի հայտնաբերումը կանխելու համար

Greenpeace միջազգային բնապահպանական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի կառավարության դեմ, որպեսզի կանխի ավելի քան 100 լիցենզիաների տրամադրումը Հյուսիսային ծովում նավթի և գազի նոր հանքավայրերի հայտնաբերման համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Financial Times պարբերականին։

Կազմակերպությունը դիմել է դատարան՝ կոչ անելով վերանայել նավթի և գազի հանքավայրերին առնչվող նոր լիցենզիաների տրամադրման մասին որոշումը: Ըստ կազմակերպության ներկայացուցիչների՝ հանքարդյունահանման ընկերություններին լիցենզիաների տրամադրումն «իսկական աղետ է» և ի չիք կդարձնի բոլոր հույսերը՝ մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը պահել 1.5 C՛-ի մակարդակում, ինչը 2015 թ.-ին կնքված Փարիզի համաձայնագրի հիմնական նպատակն է:

Նախկինում արտոնագրումը տեղի էր ունենում կանոնավոր հիմունքներով, երբեմն նույնիսկ` տարին մեկ անգամ, սակայն 2020 թվականին գործընթացը դադարեցվեց: Կառավարությունն այն ժամանակ սկսեց ուսումնասիրել՝ արդյոք նավթի և գազի նոր հանքավայրերի հայտնաբերման համար լիցենզիաների տրամադրումը համանունչ է կլիմայի հետ կապված Մեծ Բրիտանիայի ավելի հեռու նպատակներին:

Պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիան, ինչպես և այլ երկրներ, փորձում են ավելացնել իրենց էներգետիկ անկախությունը Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ֆոնին: Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարություն են տարածել դատական հայցի առնչությամբ: «Մենք չենք կարող մեկնաբանել ընթացիկ դատաքննությունները, սակայն կենսականորեն կարևոր ենք համարում շարունակել մեր էներգետիկ անվտանգության պահպանումն՝ ավելացնելով սեփական էներգակիրների մատակարարումները և ամրապնդելով մեր ներքին ճկունությունըե, – նշված է հայտարարությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս