Բաժիններ՝

Անվճար դասընթացների շրջանակում կանայք հնարավորություն ունեն նոր հմտություններ ձեռք բերել թվային մարքեթինգի ոլորտում

Աշխատաշուկայից դուրս մնացած կանայք հնարավորություն ունեն թվային մարքեթինգի ոլորտում ձեռք բերել նոր հմտություններ:

Դասընթացներն անցկացվում են անվճար «Platform #5» ծրագրի շրջանակում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Վիկտորյա Այդինյանը նշեց, որ դասընթացը նախատեսված է գործազուրկ այն կանանց համար, որոնք ցանկանում են աշխատանք ունենալ բարձր արտադրողականության ոլորտում:

«Ծրագրին կարող են դիմել այն կանայք, որոնք ընդգրկված են ընտանեկան կամ սոցիալական նպաստի համակարգում, գործազուրկ են, չեն աշխատել ծրագրին դիմելուց առնվազն 3 ամիս առաջ, ենթարկվել են թրաֆիքինգի, ընտանեկան բռնության կամ շահագործման, հաշմանդամ երեխա կարգավիճակ ունեցող կամ հաշմանդամություն ունեցող չափահաս անձանց խնամակալ են, երեք և ավելի երեխա ունեցող մայր են: Ասեմ, որ ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ունենալ սմարթ հեռախոս` ինտերնետի հնարավորությամբ, համակարգչի հասանելիություն, բազային թվային գրագիտություն, այդ թվում` սոցիալական հարթակներից օգտվելու կարողություն»,-ասաց Վիկտորյա Այդինյանը:

Ծրագրի գործընկեր ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորի ղեկավար Նարեկ Մանուկյանը, կարևորելով այս նախաձեռնությունը, ընդգծեց, որ պետական գերատեսչությունների, զարգացման գործակալությունների, մասնավոր հատվածի ջանքերը համատեղվել են այնպիսի ոլորտում, ինչպիսին կանանց տնտեսական հմտությունների զորեղացումն է:

«Թվային մարքեթինգի ոլորտը տալիս է հնարավորություն հմտությունները, կարողությունները զարգացնել առցանց, դասընթացին միանալ հարմար ժամի ու հարմար պայմաններում: Այս ծրագիրը փորձնական է, այն հետազոտելու ենք ու դրա հիմքով իրականացնելու ենք ավելի լայնամասշտաբ ծրագրեր»,-ասաց Նարեկ Մանուկյանը:

Միջոցառման գործընկերն է «Սովորիր Օնլայն» առցանց հարթակը, որի կողմից տրամադրվող թվային մարքեթինգի դասընթացները ներառելու են ավելի քան 40 վիդեոդաս, 500-ից ավելի օնլայն թեստ, խմբային աշխատանքների հնարավորություններ և կարիերայի խորհրդատվություն: «Սովորիր Օնլայն»-ի տնօրեն Հայկ Հովակիմյանը նշեց, որ դասընթացներին մասնակցելու համար արդեն 200-ից ավելի դիմում ստացել են և դիմողները հիմնականում մարզերից են:

«Կա կարծրատիպ, որ աշխատանք դժվար է գտնել, սակայն հարցն այն է, որ եթե ունես հմտություններ, որոնք շուկայում պահանջված են, ապա դու կարող ես աշխատանք գտնել: Թվային մարքեթինգն այսօր ամենապահանջված ոլորտներից մեկն է աշխարհում: Շատ կարևոր ենք համարում, որ թվային մարքեթինգի ոլորտը տալիս է հնարավորություն աշխատել տեղում, ցանկացած վայրից՝ առանց տեղափոխվելու: Ասեմ, որ հագեցած դասընթաց է լինելու՝ ներառելով պրակտիկ մաս»,-ասաց Հայկ Հովակիմյանը:

Այս պահին ծրագիրը մասնակիցների հավաքագրման փուլում է․ առաջին փուլն անվճար է սահմանված չափանիշներին բավարարող բոլոր անձանց համար, իսկ երկրորդ փուլն անվճար կլինի միայն առավելագույն միավորներ ստացած 250 մասնակցի համար: Դասընթացների ավարտին վերջիններս կունենան պրակտիկա անցնելու հնարավորություն, ինչպես նաև աջակցություն` աշխատանք գտնելու հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս