Հիմնանորոգվում է Ծովինարի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը
Պետական միջոցների հաշվին այս օրերին հիմնանորոգվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց դպրոցի տնօրեն Միհրանուշ Սահակյանը, մարզադահլիճի հիմնանորոգման նպատակով պետբյուջեից հատկացվել է 16 միլիոն 950 հազար դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի նոյեմբերի վերջերից եւ կավարտվեն մինչեւ տարեվերջ։
Հիմնանորոգման աշխատանքների արդյունքում նորացվում է մարզադահլիճի հատակը, բարեկարգ տեսք են ստանում պատերը եւ առաստաղը, լուսամուտների մետաղական պաշտպանիչ ցանցերը փոխարինվում են պլաստիկ ցանցերով։
«Մարզադահլիճի փայտյա հատակը շահագործման տարեթվից՝ 1975 թվականից ի վեր, նորոգման չէր ենթարկվել։ Այն հիմնականում փտել էր, դժվարությամբ էր ծառայում իր նպատակներին։ Այժմ փայտյա հատակը փոխարինվում է վինիլային հատակով, մարզադահլիճը բերվում է նորացված ու ժամանակակից տեսքի։ Բացի այդ, դարձյալ պետբյուջեի միջոցներով, մարզադահլիճի համար ձեռք ենք բերում մարզագույք՝ ֆիզկուլտուրայի դասերն ավելի հագեցած պայմաններում կազմակերպելու նպատակով։ Տրամադրված 16 միլիոն դրամի հաշվին ձեռք ենք բերում մարմնամարզական նստարան, ցատկերի սարքեր, կամրջակ, ներքնակներ, օղակներ, վոլեյբոլի եւ բասկետբոլի կանգնակներ, ֆուտբոլի դարպասներ, դահուկներ, ծանրաձող, այլ մարզասարքեր եւ մարզագույք։ Այլ խոսքով, մեր դպրոցն անգնահատելի նվեր է ստանում պետությունից, ինչի շնորհիվ մեր աշակերտները հնարավորություն ունեն բազմազան մարզաձեւերով զբաղվելու»,-ներկայացրեց Միհրանուշ Սահակյանը։
Խոսրով Խլղաթյան



