ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը համագործակցության համաձայնագիր են կնքել

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը դեկտեմբերի 8-ին կնքել են համագործակցության համաձայնագիր:

Ինչպես հայտնում են ԳԱԱ-ից, համաձայնագրով նախատեսվում է համատեղ մշակել և իրականացնել փոխշահավետ գիտակրթական ծրագրեր, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և փորձագետների փոխանակում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ հետազոտություններ, համատեղ գիտական միջոցառումներ, հրապարակել գիտական հոդվածներ:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշել է, որ բաժանմունքը կաջակցի համաձայնագրի դրույթների իրականացմանը:

«Այսօր Արցախի հանդեպ տեղի է ունենում անարդարություն: Շուշին միշտ եղել է հայաշատ բնակչությամբ: Մինչ 1920 թվականը, ամբողջ 18-19-րդ դարերին հայկական տարածքում գործող մշակութային խոշոր կենտրոնը Շուշին էր: Այսօր բոլորս պետք է մասնակից լինենք և մեր ավանդն ունենանք, որպեսզի պատմական անարդարությունը շտկվի: Մեզ գործնական քայլեր են պետք՝ Արցախը հզորացնելու համար: Ողջունում եմ այս նախաձեռնությունը, իսկ Արցախին մաղթում եմ անկախ կարգավիճակի նվաճում», – ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը նշել է, որ համագործակցության համաձայնագրի կնքումը կարևոր փուլ է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կյանքում:

«‎Մենք շատ ուրախ ենք այս համագործակցության համար: Վստահ եմ՝ մեր համագործակցությունը կլինի բազմակողմանի և բազմաշերտ: Կարծում եմ, որ այս համաձայնագրի ստորագրումից հետո կծնվեն նոր մտքեր, նոր գաղափարներ: Ուզում եմ նշել, որ Արվեստի ինստիտուտն Արցախի կողքին է, և ինչով կարող ենք՝ օգտակար կլինենք ձեզ», – ասաց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031