Հանրային քննարկման է ներկայացվել մշակույթի պահպանության և զարգացման 2023- 2027 թթ. ռազմավարությունը
Հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը:
Մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարությունը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` ոլորտի զարգացման գերակայությունները և դրանց հասնելու արդյունավետ ճանապարհը։
Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է ոլորտի առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու և մեկնարկած բարեփոխումները համակարգելու հրամայականից։
Ռազմավարության համար հիմնաքարային են մշակութային ժառանգության պահպանության, հասարակության և անհատի՝ մշակութային կյանքին մասնակցության և ստեղծագործական ազատության իրավունքի ապահովումը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությունը, որով սահմանվում են իրավական երաշխիքները։
Ռազմավարության հիմքում ընկած են ազգային ինքնության և արժեքների հենքի վրա ստեղծված մշակույթի պահպանումը, զարգացումը, տարածումն ու հանրահռչակումը, ազգային և համամարդկային արժեքների հետ զուգորդումը և հաղորդակցումը, համընդհանուր ներառականության ապահովումը, մշակույթի և արվեստի հասանելիությունը, ստեղծարարության, փորձարարական ու նորարարական ձևերի խրախուսումը: Առանցքային են մշակույթի տնտեսականացումը, կառավարման ժամանակակից համակարգերի ներդրումն ու կարողությունների զարգացումը, մշակույթի մեկենասության ինստիտուտի ներդրումը, պետություն-մասնավոր հատված համագործակցության փոխշահավետ մեխանիզմների խթանումը, ժողովրդավարական արժեքների գերակայության ամրապնդումը, աշխարհի մշակութային քարտեզում հայկական մշակույթի դիրքավորումը:
Ռազմավարության կարևորագույն ուղերձներն են՝
- Մշակույթն ազգային ինքնության կայացման և համընդհանուր արժեքային հենքով միջազգային համակեցության պայման է,
- Մշակույթն արժեքահեն քաղաքացու կրթության և դաստիարակության գրավականն է, մարդկային կապիտալի զարգացման կարևորագույն պայմանը,
- Մշակույթն ազատ և երջանիկ քաղաքացու ձևավորման պայման է,
- Մշակույթն անձի ստեղծագործական ազատության, ոգեղենության արտահայտման և ինքնադրսևորման միջոց է,
- Մշակույթը հանրային համերաշխության և բարեկեցիկ հասարակության ձևավորման երաշխիք է,
- Մշակույթը միջազգային համագործակցության ընդլայնման գործոն է:
Ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծություններին ուղղված գործիքակազմի և մշակույթի՝ որպես կայուն զարգացման ռեսուրսի դիտարկման և օգտագործման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկների հենքի վրա:
Ռազմավարությունն ամրագրում է ոլորտի զարգացման տեսլականը ու նպատակները, ինչպես նաև նախանշում է բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունը անհատի և հասարակության վրա։
Ռազմավարության մշակման գործընթացը եղել է առավելագույնս մասնակցային՝ ընդգրկելով մասնագիտական հանրության և միջազգային կազմակերպությունների առաջարկները։ Միաժամանակ փաստաթղթով ամրագրվում է դրա վերանայման ճկուն համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռելու արձագանքել հարափոփոխ մարտահրավերներին և ունենալ բավարար ճկունություն ճգնաժամային իրավիճակներում։ Ավելին՝ իբրև առանցքային խնդիր է դիտարկվում հանրային լայն հաղորդակցումը՝ միտված մասնակցության ու հաշվետվողականության սկզբունքների պահպանմանը։
Ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը մշակվել են՝ ի կատարումն 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1902-Լ որոշման Հավելված 1-ի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 1-ին կետի 1.2 ենթակետի:
Քաղաքացիները և շահառու խմբերն իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև ս.թ. դեկտեմբերի 21-ը: