«Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվեարկությանը մնացել են հաշված ժամեր. Հայաստանը հանդես է գալիս 15 համարի ներքո
«Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվեարկությունը շարունակվում է մինչև դեկտեմբերի 11-ը՝ մրցույթի մեկնարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հիշեցնում է Առաջին ալիքը;
«Կատարումները դիտելուց հետո կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Նարեի և ևս 2 մասնակից երկրի օգտին www.jesc.tv կայքում: Դե իսկ Նարեի հաջողակ համարը 15-ն է»,- նշված է Հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ;
Քվեարկել կարող են աշխարհի ցանկացած կետից: Քվեարկության արդյունքները կվերածվեն միավորների և կհայտարարվեն մրցույթի ժամանակ։
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:
Դեկտեմբերի 10-ին տեղի կունենա մրցույթի ժյուրիի անդամների համար նախատեսված համերգը: Առողջական խնդիրների պատճառով Միացյալ Թագավորության պատվիրակ Ֆրեյա Սքայը ելույթ չի ունենա դեկտեմբերի 10-ին կայանալիք շոուին: Փոխարենը կցուցադրվի ավելի վաղ կայացած նրա առաջին փորձի տեսագրությունը: «Բոլոր արտիստների առողջությունը մշտապես մեր գլխավոր առաջնահերթությունն է:« Մանկական Եվրատեսիլ»-ի մեծ ընտանիքի անունից ուղարկում ենք մեր բարեմաղթանքները Ֆրեյային և անհամբեր ենք տեսնել նրան դեկտեմբերի 11-ի շոուին»,-ասվում է մրցույթի տարածած հաղորդագրության մեջ: