Թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր
Սույն թվականի դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։
Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։
Հաշվի առնելով, որ առաջարկված ծրագիրը, սահմանված կարգով, համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք։
Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով հավաքների վայրեր են մեկնել Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, որոնց կողմից տարված բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել դադարեցնել հանքավայրերում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո։
Կոչ ենք անում Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ չստուգված լուրերի տարածումից և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ Հավաստիացնում ենք, որ իշխանությունների կողմից ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ ավելորդ լարվածությունից խուսափելու համար, և բոլոր հարցերը Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն կարգավորելու ուղղությամբ։
Արցախի Տեղեկատվական շտաբ