Բաժիններ՝

Մունդիալ-2022. Մարոկկոն սենսացիոն հաղթանակ տոնեց Պորտուգալիայի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հերթական խաղում մրցեցին Մարոկկոն և Պորտուգալիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կատարի մայրաքաղաքի «Ալ-Թումամա» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին Մարոկկոն տիրել էր նախաձեռնությանը, սակայն Պորտուգալիան պաշտպանվում էր, երբեմն՝ հակագրոհելով:

Մարոկկոն ակնհայտ ձգտում էր «առաջին համարով» խաղալ: Մարոկկոն իրացրեց իր պահը խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին: Գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ էն-Նեսրին:

Թիմերն ընդմիջման գնացին Մարոկկոյի նվազագույն առավելությամբ: Երկրորդ կեսը լի էր սուր պահերով, և Պորտուգալիան իրար հաջորդող պահերով ամեն կերպ փորձում էր վերականգնել հաշվի հասավարությունը, սակայն ապարդյուն:

Պորտուգալիան գնդակին տիրելու առավելություն ուներ: Խաղի ավելացված րոպեին Մարոկկոն մնաց 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտը ստանալով՝ հեռացվեց Չեդիրան: Մարոկկոն անթերի գործելով պաշտպանությունում՝ սենսացիոն հաղթանակ տոնեց Պորտուգալիայի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Մարոկկո-Պորտուգալիա՝ 1:0: Կիսաեզրափակիչում Մարոկկոն կխաղա Անգլիա-Ֆրանսիա զույգի հաղթողի հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս