«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում մրցակցությունը շատ ուժեղ է. Հայաստանի պատվիրակ Նարե
«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի Հայաստանի պատվիրակ Նարեն, որը մեր երկիրը ներկայացնելու է Dance երգով, կարծում է, որ մասնակիցների միջև մրցակցությունը շատ ուժեղ է:
Դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում երգչուհին ընդգծեց՝ մասնակից բոլոր երկրները յուրահատուկ են ու շատ լավն են: «Թող հաղթի ուժեղագույնը»,-նշեց Նարեն:
Նրա խոսքով՝ մասնակիցների հետ ժամանակը հիանալի է անցնում:
«Բոլորը շատ դրական են, ուրախ են: Ինձ դուր է գալիս այն, որ հենց ես եմ այս տարվա հյուրընակալող կողմը, ինչը նաև շատ պարտավորեցնող է: Մասնակիցներին դուր է գալիս Հայաստանը: Մենք խոսում ենք տարբեր թեմաներից, և հյուրերն ասում են, որ իսկապես հավանում են Հայաստանի տեսարժան վայրերը, Հայաստանի հետ կապված ամեն բան»,-շեշտեց Նարեն:
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա: