
Հայաստանի Դատախազությունն ու Ռուսաստանի դատախազության համալսարանը կխորացնեն համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում, դեկտեմբերի 9-ին եղել է նաև Ռուսաստանի Դաշնության դատախազության համալսարանում:
Ինչպես հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից, ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Վյաչեսլավ Վլասովի և Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Նինա Շալումովայի հետ զրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի դատախազության և Համալսարանի միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներին, դատախազների որակավորման բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարում թիրախային կրթության կազմակերպման անհրաժեշտությանը:
ՀՀ գլխավոր դատախազ Վարդապետյանը բարձր է գնահատել Համալսարանի հետ առկա համագործակցության մակարդակը, Համալսարանում հայ դատախազների համար իրականացվող վերապատրաստման դասընթացի որակն ու ընդգծել Հայաստանի դատախազության համար կադրերի շարունակական կրթության ապահովման կարևորությունը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացում նախատեսվող բարեփոխումների փաթեթային լուծումները՝ ուղղված դասավանդման մեթոդաբանությանը, մարզերում դատախազների համար դասընթացների կազմակերպմանը և այլն:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և պայմանավորվել շարունակական դարձնել նման ձևաչափով հանդիպումները՝ ուղղված համագործակցության արդյունավետության բարձրացմանն ու որակյալ կադրերի պատրաստման նպատակի իրականացմանը: