ԵՄ-ն ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ. Տոյվո Կլաար
Եվրամիությունն ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ, սակայն ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ։ TRT World Forum համաշխարհային ֆորումի շրջանակում այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Կա խաղաղության հասնելու իրական ցանկություն և հնարավորություն:Բայց 30 տարվա հակամարտությունից հետո շատ ջանքեր են պահանջվում վստահություն ստեղծելու համար»,- Կլաարի խոսքերը մեջբերում է TRT World Forum համաշխարհային ֆորումի «Թվիթեր»-ի էջը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն լայնորեն աշխատել է Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ այդ վստահությունը կառուցելու համար, սակայն շատ ավելին է պետք:
Ըստ Կլաարի՝ երկու կողմից էլ անհրաժեշտ է առաջնորդություն, և խոսքը ոչ միայն երկու պետությունների ղեկավարների ջանքերի, այլև՝ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև վստահության ստեղծմանն ուղղված միջոցների մասին է: