Արման Սարիբեկյանը Անի համայնքում պաշտոնավարելու է մինչև նոր ընտրությունների անցկացումը

Արման Սարիբեկյանը Շիրակի մարզի Անի համայնքում պաշտոնավարելու է մինչև նոր ընտրությունների անցկացումը: Այս մասին աշխատակազմին և համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարին, ով այդ պաշտոնում նշանակվել է ՀՀ վարչապետի որոշմամբ:

«Սահմանված կարգի համաձայն` Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակելու է առաջիկա ՏԻՄ ընտրությունները, և սահմանված մոտ ժամկետում Անի համայնքում կկայանան ընտրություններ։ Բավականին բարդ գործընթաց է լինելու, քանի որ փաստացիորեն համայնքն այս պահին չունի ավագանի, ինչը բավական բարդացնում է աշխատանքը։ Ընթացիկ տարում չի հաստատվելու բյուջե և հաջորդ տարվա բյուջեն գործելու է նախորդ տարվա համամասնությամբ։ Ցավով պետք է արձանագրեմ, որ այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք ներկայացված էին, ավագանու բացակայության պարագայում նույնպես չեն կարող հաստատվել»,- նշել է մարզպետը։

Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին բարձր վստահության համար և հավաստիացրել, որ ջանք ու եռանդ չի խնայի իր առջև դրված պարտականությունները պատվով կատարելու համար։

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ վաղաժամկետ դադարեցվել են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները։

Հիշեցնենք, որ Անի համայնքում սեպտեմբերի 25-ին տեղի էին ունեցել ՏԻՄ ընտրություններ, սակայն մասնակցող ուժերից որևէ մեկը չէր հավաքել 50+ տոկոս ձայն: Համայնքում կոալիցիաներ այդպես էլ չձևավորեցին, ինչի պատճառով նոր ընտրություններ են անցկացվելու:

Ընտրություններին մասնակցում էր երեք ուժ. «Ազգ-համայնք» դաշինքը, որը ստացել էր 3763 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստացել էր 3032 ձայն, և «Հայկական երազանք» կուսակցությունը՝ 1037 ձայն:

Տեսանյութեր

Լրահոս