Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը ձերբակալվել է
Դեկտեմբերի 9-ին, ժամը 05.45-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վիրավորումով բուժօգնության են դիմել 47-ամյա և 45-ամյա երկու տղամարդ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Նորագավիթի գերեզմանատան մուտքի մոտ անհայտ անձը կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի, Երևան քաղաքի վարչության և Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդկանց օդաճնշիչ ատրճանակով կրակել և մարմնական վնասվածքներ է պատճառել Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, խոստովանել է արարքը և ներկայացրել օդաճնշիչ ատրճանակը:
35-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթը: