«3+3» ձևաչափով հարթակի երկրորդ նիստը կարող է կայանալ առաջիկա ամիսներին. Դենիս Գոնչար
Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի երկրորդ նիստը կարող է կայանալ առաջիկա ամիսներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:
«Ներկայումս շարունակվում են «3+3» ձևաչափի երկրորդ նիստի անցկացման կազմակերպչական աշխատանքները։ Ակնկալում ենք, որ այն տեղի կունենա առաջիկա ամիսներին։ Դատելով բոլոր մասնակիցների տրամադրությունից ՝ հրավեր կարող է ուղարկվել նաև Վրաստանին», – ասել է դիվանագետը։
Նրա խոսքով ՝ ՌԴ-ն համոզված է, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը պահանջված է՝ մասնակից երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման շահերից ելնելով։
« Հիշեցնեմ, որ 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած հիմնադիր հանդիպման ընթացքում որոշվել է կենտրոնանալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների՝ առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար կապերի զարգացման, ինչպես նաև՝ ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի վրա»,-հավելել է Գոնչարը։
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանի տարանցիկ ներուժի բացահայտմանը, ինչին կնպաստի տրանսպորտային երթուղիների վերականգնումը:
«Մեծ հետաքրքրություն են ներկայացնում ենթակառուցվածքի արդիականացման գործում համատեղ նախագծային գործունեության հեռանկարները ոչ միայն տրանսպորտի, այլեւ՝ էներգետիկայի ոլորտում: Նման համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում վստահության ամրապնդմանը ՝ տարածաշրջանային բազմակողմանի կապերի հաստատման միջոցով, կդառնա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին աջակցելու հենասյուներից մեկը», – պարզաբանել է Գոնչարը:
«3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին նիստը, որը նվիրված էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման հարցերին, տեղի է ունեցել ԱԳ փոխնախարարների մակարդակով 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Վրաստանը չի ներկայանա «3+3» ձևաչափով հանդիպմանը: