Բաժիններ՝

«Թողարկելու ենք իմ նոր տեսահոլովակը, որի երգը հնչելու է եվրատեսիլյան բեմում» Մալենա

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի Հայաստանի պատվիրակ Մալենան, որը «Քամի-քամի» երգով հաղթեց մրցույթում և այն բերեց Հայաստան, դժվարությամբ է հավատում, որ իր և իր թիմի աշխատանքի շնորհիվ գեղեցիկ իրադարձությունն անցկացվում է իր հայրենիքում:

Դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը երգչուհին ասաց, որ մրցույթի մասշտաբներն ահռելի են: «Հաղթելուց հետո չէի պատկերացնում, որ ամեն ինչ այսքան շքեղ կլինի: Ակտիվ հետևում եմ մրցույթին և վստահ կարող եմ ասել, որ Հայաստանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ»-ը իմ տեսած մրցույթներից ամենամասշտաբայինն է»,-նշեց նա:

Մալենան և «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի տարբեր տարիների հաղթողները մրցույթի օրը՝ դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երգելու են հաղթած երգերը: Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբն էլ կկատարի այն ներկայացուցիչների ստեղծագործությունները, որոնք չեն ժամանել Հայաստան:

«Արդեն հանդիպել եմ այս տարվա մասնակիցների հետ և նրանց խորհուրդ եմ տալիս ոչ թե մրցել միմյանց հետ, այլ փորձել ընկերանալ: Դրա շնորհիվ լավ հիշողություններ կարող են ունենալ: Նրանց տեսնելով, հետևելով՝ շատ եմ կարոտում եվրատեսիլյան օրերը, որոնք իմ կյանքի լավագույն օրերից էին»,-խոստովանեց Մալենան:

Խոսելով Modern Talking խմբի Cheri Cheri Lady սիրված երգի քավր տարբերակն ամիսներ առաջ հանրությանը ներկայացնելու մասին՝ երգչուհին պատմեց, որ մրցույթում հաղթելուց հետո են որոշել նորովի մատուցել եվրոպական որևէ հայտնի հիթ, և ընտրությունը կանգ է առել հենց այդ ստեղծագործության վրա:

«Մինչ «Մանկական Եվրատեսիլ»-ի համերգը թողարկելու ենք իմ նոր տեսահոլովակը, որի երգը հնչելու է եվրատեսիլյան բեմում»,-տեղեկացրեց Մալենան:

Դեկտեմբերի 8-ին Մալենան երկրպագուների դատին է հանձնել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսի հիման վրա գրված Spin The Magic երգը, որի հեղինակը «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն է:

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Մրցույթում Հայաստանը Dance երգով ներկայացնում է 14-ամյա Նարեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս