Մարդիկ հիշում են քո ելույթը, քեզ, քո երգը. գնահատականները ոչ ոք չի հիշում. Ռոզա Լինը՝ «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցներին
«Եվրատեսիլ 2022» մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը, որի եվրատեսիլյան Snap երգը լսումների քանակով տարբեր հարթակներում ռեկորդներ է սահմանում, կարծում է՝ յուրաքանչյուր մրցույթ հիանալի հարթակ է ինքնադրսևորվելու, լավագույնս ներկայանալու համար: Երգչուհին հպարտ է, որ, չնայած տարբեր խոչընդոտներին, Հայաստանը կարողացավ 2022-ին հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ» հոբելյանական մրցույթն ու պատշաճ կազմակերպել մրցույթի անցկացումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց՝ յուրաքանչյուր հարցազրույցի ընթացքում ասում է, որ հայուհի է, կարևորում է մշակութային երկխոսությունն ու խոսում է այն մասին, ինչ կատարվել է Հայաստանում: «Ես չեղարկեցի մի շարք ծրագրեր ու ասացի, որ պետք է լինեմ Հայաստանում ու մասնակցեմ «Մանկական Եվրատեսիլ»-ին, քանի որ դա ինձ համար շատ կարևոր է»,-նշեց նա՝ հիշեցնելով, որ ելույթ է ունենալու մրցույթի օրը:
Երգչուհին օտարազգի լրագրողների համար պարզաբանեց, որ 2020-ին հայերը պատերազմել են, իսկ 2022-ին դա կրկնվել է: «Ես չեմ այն մարդը, որը պետք է քաղաքականության մասին խոսի: Ուզում եմ ասել, որ, չնայած այդ ամենին, մենք ուժ գտանք և կարողացանք պահպանել այդ ուժը: Ըստ իս՝ այն, ինչ կատարվում է այս դարում, աբսուրդ է: Խոսքը միայն Հայաստանի մասին չէ, այլ՝ աշխարհի: Մարդիկ պետք է մի պահ հանգիստ նստեն ու մտածեն կարևորի, ոչ թե սոցիալական մեդիայի կամ հայտնիների բաժանությունների մասին»,-նշեց նա:
2022-ի սեպտեմբերին Ռոզա Լինը Լոս Անջելեսում է եղել. պատրաստվել է ելույթի, երբ իմացել է, որ Հայաստանի սահմանին ռազմական գործողություններ են սկսվել: Սկսել է իրեն մեղադրել, չի ցանկացել բեմ բարձրանալ, սակայն հասկացել է, որ ինչ-որ կերպ պետք է աջակցել իր հայրենակիցներին ու բեմ է բարձրացել՝ փաթաթված Հայաստանի հսկայական դրոշի մեջ: Երգչուհին հույս ունի, որ մարդկությունը, որն այսօր ասես մոլորվել է, կվերագտնի մարդկայինը:
Նա 2022-ի օգոստոսից համագործակցում է Columbia Records-ի հետ և 2023-ի գարնանը թողարկելու է իր առաջին ալբոմը, սակայն մինչ այդ մի քանի սինգլ է թողարկելու: Իսկ հաջորդ տարվա ամենասպասված ու հետաքրքիր իրադարձություններից է համարում հանրահայտ անգլիացի երգիչ, երգահան Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում սպասվող իր ելույթը: Շատ ոգևորված է, չի բացառում՝ գուցե համագործակցեն:
«Միշտ ասում եմ, որ 2022-ը լավագույն և արդյունավետ տարին էր ինձ համար, սակայն դա իմ մասնագիտական կարիերայի ընդամենը առաջին տարին էր: Հույս ունեմ՝ հաջորդ տարին ավելի լավը կլինի»,-ասաց Ռոզա Լինը:
Երգչուհին կարծում է, որ սիրվել է, քանի որ չի կեղծում: «Միջազգային գործընկերներից փորձում եմ վերցնել այն կարևոր բաները, որոնք անհրաժեշտ են, գիտակցում եմ, որ այն մարդիկ, որոնց հետ աշխատում եմ, շատ ավելի մեծ փորձ ունեն և ձգտում եմ սովորել նրանցից, բայց փորձում եմ ինձ հավատարիմ մնալ»,-նշեց նա:
Վերադառնալով «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին՝ Ռոզան ընդգծեց՝ պետք է բավականություն ստանալ մրցույթից, լավ ելույթ ունենալ, սիրով կատարել երգն ու չմտածել գնահատականների մասին: Այդ դեպքում պրոֆեսիոնալներն ու երաժշտասերները կնկատեն մասնակցին:
«Կարծում եմ, որ պետք չէ մտածել հորիզոնականի մասին, պետք է անել այն, ինչ կարող ես: Մեծ հաջողություն եմ մաղթում բոլոր մասնակիցներին: Ուզում եմ, որ միայն լավը հիշեն այս մրցույթից, քանի որ ինքս միայն դրականն եմ հիշում: Միշտ ասել եմ, որ «Եվրատեսիլ»-ը իմ կյանքի ամենաերջանիկ շրջաններից է եղել: Պետք է կրքով, սիրով աշխատել բեմում, սիրել երգը, որը կատարում ես ու մարդկանց ցույց տալ, որ դու լավ ես զգում նրանից, ինչ անում ես: Այդ համերգը միայն մի օր է: Մարդիկ հիշում են քո ելույթը, քեզ, քո երգը: Գնահատականները ոչ ոք չի հիշում»,-սեփական փորձից ելնելով ասաց Ռոզա Լինն ու հավելեց՝ հավանում է Հայաստանի պատվիրակ Նարեի երգը, կարծում է՝ նա հրաշալի ձայնային տվյալներ ունի:
Անժելա Համբարձումյան