Հանրապետությունում կատարվել է շուրջ 100 հազար խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում
Հանրապետության բոլոր մարզերում 2022 թվականի նոյեմբերից մեկնարկած «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն ակտիվ իրականացման փուլում է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ արդեն իրականացվել է 100 հազար կենդանու համարակալում ու հաշվառում: Գործընթացն իրականացվում է անվճար:
«Սկզբնական փուլում անասնաբույժների միջոցով տեղի է ունենում բուն համարակալման գործընթացը: Փաստաթղթավորվում է ու կենդանու մասին ամբողջական տեղեկատվությունը փոխանցվում է համապատասխան համակարգ: Ասեմ, որ համարակալված կենդանիների 30 տոկոսի ինֆորմացիան արդեն փոխանցվել է համակարգ»,-ասաց Գառնիկ Հովհաննիսյանը:
Մասնագետի խոսքով՝ սկզբնական շրջանում մտավախություն կար, որ ֆերմերները կընդդիմանան ու ճիշտ չեն ընկալի ծրագրի կարևորությունը, սակայն ընթացքում արդեն պարզ դարձավ, որ բոլորն էլ ողջունում են այս նախաձեռնությունը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը տեղեկացրեց, որ մինչև ծրագիրն իրականացնելն ուսումնասիրել են միջազգային փորձը, և առանձնացրել ավստրիականը: Հայաստանի մասնագետներն արդեն եղել են Ավստրիայում և տեղում ծանոթացել կենդանիների համարակալման ու հաշվառման համակարգին:
«Համարակալման ծրագիրն առաջին հերթին նպաստելու է հիվանդությունների դեմ պայքարին, համաճարակային իրավիճակի բարելավմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը և արդյունաբերության զարգացմանը: Արտաքին շուկաներում պահանջներից մեկը հետագծելի սննդամթերքի առկայությունն է: Եվ որպեսզի մենք կարողանանք ընդլայնել մեր շուկաները, անհրաժեշտ է ունենալ հետագծելի սննդամթերք: Կենդանիների համարակալումն այդ գործում կարևոր հենասյուներից մեկն է»,-ասաց Արման Խոջոյանը:
Ծրագրի գործընկեր Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը նշեց, որ Ավստրիան երկար տարիների փորձ ունի կենդանիների հաշվառման ու համարակալման գործընթացում: Իրենք այս աշխատանքները սկսել են դեռ 80-ական թվականներին:
«Այս համակարգի առավելությունները բազմաթիվ են: Այն նպաստում է կենդանիների առողջությանը, ապահովում է անվտանգ սնունդ, այն նաև բարձրացնում է արտադրանքի թափանցիկությունը: Իր ազդեցությունը կթողնի ֆերմերների եկամտային հնարավորությունների վրա: Կենդանիների անձնագրի գոյությունը ֆերմերի համար բացում է տարբեր շուկաների դռները: Դուք նայում եք կենդանու անձնագրին և տեսնում եք, թե ինչի հետ գործ ունեք» ,-ասաց Կլաուս Կապերը:
Սննդամթերքի անվտանգության վարչության անասնաբուժության բաժնի պետ Մելանյա Կարապետյանը նշեց, որ այս ծրագրի մեկնարկից առաջ զգալի նախապատրաստական աշխատանք է տարվել: Կատարվել է մասնագետների վերապատրաստում, ձեռք են բերվել կենդանիների համարակալման համար նախատեսված ականջապիտակներ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին:
«Այս գործընթացը շատ կարևոր է, մենք ունենում ենք ամբողջական տեղեկատվություն կենդանու մասին: Գիտենք, որ կան հիվանդություններ, որոնք կենդանիներից անցնում են մարդուն: Այս համարակալման գործընթացը տալիս է այն հնարավորությունը, որ ունենք բարձր մակարդակ կենդանիների հիվանդությունների հետագծելիության ապահովման, հետևաբար նաև՝ սննդամթերքի անվտանգության տեսանկյունից»,-ասաց մասնագետը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը տեղեկացրեց, որ գյուղատնտեսության համախառն ներքին արտադրանքի արժեքի ձևավորման մեջ շուրջ 50 տոկոսն ապահովվել է անասնապահության ճյուղի հաշվին:
«Չափազանց կարևոր է կենդանիների համարակալման նախաձեռնությունը պարենային անվտանգության ապահովման առումով: Ամբողջական ու կենտրոնացված տեղեկատվական բազայի առկայությունը հնարավորություն է տալու հետագայում ծրագրերն առավել արդյունավետ ու թիրախային իրականացնելու համար»,-ասաց Լևոն Տեր-Իսահակյանը:
Այս տարվա նոյեմբերին մեկնարկած կենդանիների համարակալման ու հաշվառման հիմնական աշխատանքները կավարտվեն 2023 թվականի գարնանը: Գործընթացը շարունակական է լինելու: