Մոսկվայի «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. կա 1 զոհ
Մոսկվայի «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 1 մարդ Է զոհվել, հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ-ի Մոսկվայի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Այս մասին տեղեկացնում Է «Интерфакс» գործակալությունը: «Նախնական տվյալներով՝ զոհվել Է առնվազն մեկ մարդ:
Այդ տղամարդը, հնարավոր Է, պահակն Է: Նրա մարմինը հայտնաբերվել Է հետախուզության ժամանակ», – հայտնել են գործակալությանը արտակարգ ծառայություններից: Հրդեհի բռնկման մասին հայտնի է դարձել Մոսկվայի ժամանակով ժամը 05:58-ին (Երևանի ժամանակով 06:58-ին), երբ աշխատել է հրդեհային ահազանգման համակարգը: Կրակը տարածվել է «Մեգա Խիմկի» առևտրի համալիրի OBI հիպերմարկետի տանիքում:
Ժամը 08:25-ին (Երևանի ժամանակով 09:25-ին) հրդեհը մեկուսացվել Է 7 հազար քառակուսի մետր մակերեսի վրա, հրդեհին տրվել Է բարդության չորրորդ աստիճան:Այլ լրատվամիջոցներ, հղում անելով արտակարգ ծառայությունների տվյալներին, նշում են, որ հրդեհի մակերեսը կազմել է 18 հազար քառակուսի մետր: Հրդեհի բռնկման պատճառ է դարձել կից շինությունում եռակցման աշխատանքների իրականացման կանոնների խախտումը: «Հրդեհը սկսվել է OBI-ի վերակառուցվող կից շինությունում եռակցման աշխատանքների ժամանակ: Աշխատողները հեռացել են շենքից՝ չկարողանալով մարել կրակը», – հայտնել են ТАСС-ին արտակարգ ծառայություններից:
Ըստ գործակալության զրուցակցի, հրդեհի ժամանակ, ամենայն հավանականությամբ, պայթել են գազաբալոններ: Հրդեհի հետևանքով OBI-ի շենքը գրեթե ամբողջությամբ փլուզվել է, մնացել են միայն հիմնակմախքի կրող կոնստրուկցիաները: Մոսկվայի մարզի բնապահպանության և բնօգտագործման նախարարության մամուլի ծառայությունում հաղորդել են, որ «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնի շուրջ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի ցուցանիշները չեն բարձրացել: OBI հիպերմարկետում հրդեհից վնասը կարող Է հասնել 20-30 մլրդ ռուբլու: