Ամատունի Վիրաբյանի հայցը մասնակիորեն բավարարվել է. Արդարադատության նախարարությունը կհատուցի աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ի վճռով Ամատունի Վիրաբյանի հայցը մասնակիորեն բավարարվել է. ՀՀ արդարադատության նախարարությունը Ամատունի Վիրաբյանին կհատուցի աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում․

Ինչպես հայտնում են փաստաբանական գրասենյակից, դատարանը վճռել է՝

ՀՀ Արդարադատության նախարարությանը պարտավորեցնել վճարել Ամատունի Սասունիկի Վիրաբյանին՝ աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով,

վճարել Ամատունի Սասունիկի Վիրաբյանին հատուցում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ միջին աշխատավարձի չափով, սկսած 07․09․2020 թվականից, մինչև պայմանագրով որոշված ժամկետի ավարտը՝ 27.11.2020 թվականը,

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի և Ամատունի Սասունիկի Վիրաբյանի միջև 27.11.2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը համարել լուծված պայմանագրով որոշված ժամկետի հաջորդ օրը՝ 28.11.2020 թվականին:

Փաստաբանական գրասենյակից հայտնում են, որ չի բացառվում՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը բողոքարկի վերոնշյալ վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։

2020 թվականի սեպտեմբերին Արդարադատության նախարարությունը հայտարարություն էր տարածել. որ ստացված մի շարք դիմում-բողոքների հիմքով ուսումնասիրություն էր սկսել՝ Հայաստանի ազգային արխիվի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով և դրա շրջանակում հարցում կատարել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ՊՈԱԿ-ում իրականացված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար:

Ստացված տեղեկության համաձայն, «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել:

Վերոգրյալը հիմք ընդունելով և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ժբ» ենթակետով, ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի լիազորությունները դադարեցվել էին և լուծվել էր նրա հետ 2015 թվականի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։

ՀՀ Վճռաբեկ դատարանը 29․06․2022թ․ որոշել էր բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2021 թվականի որոշումը՝ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասերով, և գործն այդ մասերով ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Տեսանյութեր

Լրահոս