Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցում կազմակերպվել է Պարույր Սևակի ստեղծագործություններին նվիրված հուշ-ցերեկույթ
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի 8-12-րդ դասարանների աշակերտների կողմից կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ եւ թարգմանիչ Պարույր Սեւակի հիշատակին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցից, միջոցառումը կրում էր «Դու իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,եւ իմ միա՜կը` ճակատագրով» խորագիրը։
Միջոցառմանը մասնակցել է մեծանուն գրողի թոռը՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի դասախոս, Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սեւակ Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության եւ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցներ, կրթամշակութային հաստատությունների եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ, դպրոցականներ։
Դպրոցականները ներկայացրել են տարբեր բանաստեղծություններ, որոնք մատուցվել են նաեւ բեմականացումների միջոցով։
Ցերեկույթը եզրափակվել է ողջույնի եւ երախտագիտության խոսքերով, հյուրերը եւս հանդես են եկել Պարույր Սեւակի բանաստեղծությունների ներկայացմամբ։
Բանաստեղծի թոռ Սեւակ Ղազարյանը բարձր է գնահատել Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի կողմից ցուցաբերված նախաձեռնությունը, իրականացված աշխատանքը եւ մատուցման ձեւաչափը։
«Շատ ուրախ, հպարտ ու զգացված եմ, որ սահմանամերձ ու սահմանապահ այս դպրոցի պատերի ներքո այսքան սեր են տածում Պարույր Սեւակի ստեղծագործությունների հանդեպ, այսքան ոգեւորությամբ են հնչեցնում նրա խոսքերը։ Նաեւ պարզ զգացվում է, թե որքանով են աշակերտները կապված հայ գրականությանը, թե հայրենասիրական որքան շունչ ու ոգի է թեւածում այստեղ»,-նշել է Սեւակ Ղազարյանը։
Խոսրով Խլղաթյան