Բաժիններ՝

Գերմանիայում պետական հեղաշրջման նախապատրաստման դեմ հատուկ գործողություն են անցկացրել

Գերմանիայի ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություն է անցկացնում աջ ծայրահեղականների դեմ, որոնք նախատեսում էին գրոհել Բունդեսթագը և իրականացնել պետական հեղաշրջում: Այս մասին  տեղեկանում ենք РИА Новости գործակալությունից:

Այսպես, հատուկ նշանակության ուժերը գործում են միաժամանակ տասնմեկ դաշնային երկրամասերում: Գերմանիայի գլխավոր դատախազի և քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության հանձնարարությամբ ձերբակալվել է 25 տղամարդ և կին, որոնք կա՛մ աջ թևի ահաբեկչական կազմակերպության անդամներ են, կա՛մ աջակցում են դրան: Ինչպես հաղորդել է Spiegel հանդեսը՝ վկայակոչելով աղբյուրների, կասկածյալները, մասնավորապես, պլանավորում էին «զինված հարձակում իրականացնել Բունդեսթագի վրա և բռնել քաղաքական գործիչներին»:

Ենթադրվում էր, որ առանձին ուժայիններ կմիանան ահաբեկչական խմբին, ինչը կարող էր հանգեցնել «հեղաշրջման»: Գերմանիայի Գլխավոր դատախազությունը հաստատել է հատուկ գործողության անցկացումը: Ըստ գերատեսչության՝ ձերբակալվածները պատկանում են ահաբեկչական կազմակերպության, որը հիմնվել է 2021 թվականի նոյեմբերի վերջից ոչ ուշ:

Դավադիրները պատրաստվում էին տապալել «Գերմանիայում գոյություն ունեցող պետական կառույցը և այն փոխարինել պետության սեփական ձևով, որի հիմնական գծերն արդեն մշակվել են»: «Ըստ կատարված հետաքննությունների՝ կա նաև կասկած, որ խմբավորման առանձին անդամներ կոնկրետ պատրաստվել են ոչ մեծ զինված խմբի օգնությամբ բռնի ներխուժել Գերմանիայի Բունդեսթագ: Մանրամասները դեռ պետք է պարզել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Ձերբակալվածների շարքում կա մեկ ռուս կին՝ Վիտալյա Բ.Վ.-ն: Գլխավոր դատախազությունում ընդգծել են, որ իրենք հիմքեր չունեն կարծելու, որ Ռուսաստանի պաշտոնատար անձինք աջակցել են դավադիրներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս