Մոսկվան արձագանքել է ՌԴ-ին G20-ից դուրս մղելու առաջարկին, որը նախատեսված է ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի նախագծով

Վաշինգտոնը պլանավորում է Ռուսաստանի համար խոչընդոտներ ստեղծել մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Մեծ քսանյակի (G20) հետ փոխգործակցության հարցում, ասվում է ԱՄՆ բյուջեի նախագծին կից պարզաբանող նյութերում, որոնք դեկտեմբերի 6-ին հրապարակվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի կողմից:

Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը: «(Փաստաթուղթը) նախատեսում է «…» G20-ից, Բանկային վերահսկողության Բազելի կոմիտեից, Ֆինանսական կայունության խորհրդից, Ապահովագրական վերահսկողների միջազգային ասոցիացիայից և Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության աշխատանքից Ռուսաստանի ներկայացուցիչներին հեռացնելու քաղաքականություն, ինչպես նաև պահանջում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ քաղաքականությունն առաջ մղելու համար», – նշվում է տեքստում:

Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի նախագիծը, նշել է, որ G20-ը ոչ պաշտոնական գագաթնաժողով է, որից Ռուսաստանին դուրս մղել հնարավոր չէ: Կոսաչովը РИА Новости գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ-ը կարող է միայն ճնշում գործադրել կազմակերպիչների վրա, որպեսզի ՌԴ-ին չհրավիրեն հերթական հանդիպմանը: «Իրավաբանորեն G20-ը չի հանդիսանում ինստիտուցիոնալ միջազգային կազմակերպություն, որում գոյություն ունի պաշտոնական անդամակցություն:

Ինչպես հայտնի է, դա միայն ոչ պաշտոնական գագաթնաժողով է: Այդ իսկ պատճառով G20-ում չկան խիստ կանոններ, ընթացակարգեր կամ կանոնակարգեր: Որոշումներն ընդունվում են փոխհամաձայնության ճանապարհով», – ասել է քաղաքական գործիչը: Հետևաբար, Կոսաչովի խոսքով, «Ռուսաստանին G20-ից հեռացնել հնարավոր չէ»:

Տեսանյութեր

Լրահոս