Հայաստանի և Ռուսաստանի մասնագիտական կառույցները քայլեր են ձեռնարկում համագործակցությունը խթանելու ուղղությամբ
Հայաստանի և Ռուսաստանի կրթական, մշակութային, գիտական և այլ կարևոր նշանակություն ունեցող հաստատությունների միջև համագործակցության հստակ ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով դեկտեմբերի 7-ին Երևանում մեկնարկեց «Հայ-ռուսական երկխոսություն» հիմնադիր համաժողովը:
Համաժողովին մասնակցում են երկու երկրների հեղինակավոր համերգասրահների, թատրոնների և այլ կառույցների ղեկավարներ, բժիշկներ, գիտնականներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլք:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ 2022 թվականին հայ-ռուսական մշակութային օրակարգը բավականին հագեցած է եղել. Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում անցկացվել է «Հայաստանի մշակութային օրեր» միջոցառումը, որին մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կոմիտասի անվան ազգային քառյակը: Երևանում և Հայաստանի մարզերում էլ անցկացվել է «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» միջոցառումը:
«Ակտիվ փոխայցելություններ են եղել նվագախմբերի, երաժշտական կոլեկտիվների, թատերախմբերի միջև: Երեք օր առաջ Սանկտ Պետերբուրգից վերադարձավ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը ելույթ էր ունեցել Մարիինյան թատրոնում, Սանկտ Պետերբուրգում են եղել նաև Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն ու տնօրեն Վարդան Մկրտչյանը: Կապեր են հաստատվում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և ԳԻՏԻՍ-ի միջև: Տարվա ամենակարևոր, խորքային հոգևոր մշակութային իրադարձություններից մեկը աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսի այցն էր Հայաստան, որը ելույթ ունեցավ Զվարթնոցի տաճարի տարածքում, Գյումրիում, Երևանում, և մենք մինչ օրս այդ համերգների տպավորության տակ ենք: Նրա հետ քննարկում ենք Երևանում հայ ժամանակակից կոմպոզիտորների շաբաթ անցկացնելու հարցը»,-ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով համաժողովին՝ նա նշեց՝ նման հարթակի ձևավորման առաջարկն արել է ռուսական կողմը: Ըստ Խզմալյանի՝ այն հնարավորություն կտա երկխոսելու, ձևակերպելու, բարձրաձայնելու հարցեր, որոնք հուզում են շատերին, և այդ հարցերն իմաստավորելու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում:
«Քննարկումից հետո այցեր են նախատեսվում համապատասխան կառույցներ՝ ԵՊՀ, Գիտությունների ազգային ակադեմիա, Երևանի օպերային թատրոն, որտեղ օպերայի, Խորեոգրաֆիկ ուսումնարանի, Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավարությունները հանդես են գալու առաջարկություններով, որովհետև Ռուսաստանն ունի մասնագիտական լուրջ պոտենցիալ հատկապես պարարվեստի բնագավառում, որից մենք կարող ենք և ուզում ենք օգտվել: Սա հանրային քննարկման բնույթի հանդիպում է ու մասնագիտական համագործակցության հաստատման հնարավորություն»,-շեշտեց Արա Խզմալյանը:
ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն էլ ընդգծեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցում են նախարարությունների, գերատեսչությունների մակարդակով, սակայն չկա քաղաքացիական հասարակության համագործակցության հարթակ:
«Այս քննարկմանը երկու կողմից էլ մասնակցում են ականավոր գիտնականներ, բժիշկներ, արվեստագետներ: Համագործակցությունը պետք է լինի ինստիտուտների մակարդակում. համատեղ ծրագրեր պետք է մշակեն գիտական կենտրոնները, թատերական կոլեկտիվները, պատկերասրահները, կրթական հաստատությունները: Գուցե լինեն վերապատրաստման դասընթացներ և այլն»,-նշեց նա և հավելեց՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բարեկամական են, ունեն լուրջ պատմություն և հարաբերությունների զարգացման գործում մեծ դերակատարություն ունեն նշանավոր մարդիկ:
Միխայիլ Շվիդկոյը հիշեցրեց, որ 2023-ին լրանում է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը, ինչը Ռուսաստանում կոմպոզիտորին նվիրված մի շարք միջոցառումների կազմակերպման լավ առիթ է: