Հանրային քննարկման է ներկայացվել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը
ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նախագծով ներկայացվող նոր կանոնակարգի հաստատումը հիմնականում նպատակ ունի՝
- աստիճանաշնորհման գործընթացում ընդգրկված բոլոր օղակներում առավել շեշտադրել որակական պահանջները՝ քանակականի փոխարեն,
- օգտագործել Սփյուռքի գիտական ներուժը ՀՀ գիտական կադրերի պատրաստման գործընթացում,
- վերացնել պահանջների անհամաչափությունը և առկա բացերը, մտցնել հստակեցումներ,
- ապահովել սահուն անցում խորհրդային համակարգից եվրոպական համակարգին:
- Ներքոնշյալ ուղղություններով առաջարկվում են մի շարք փոփոխություններ:
Առաջին ուղղություն՝ թեկնածուական պաշտպանելուց մինչև մասնագիտական խորհրդի անդամ լինելու համար 2027 թ.-ից սկսած՝ անհրաժեշտ կլինի ունենալ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրություններ: Նման տպագրությունները կդիտվեն համարժեք տեղական պարբերականներում տպագրված 2-3 հոդվածի: Մասնավորապես՝ գիտական ղեկավարի թույլտվությունը ստանալու համար սա հնարավորություն կընձեռի բազմաթիվ տեղական հոդվածների փոխարեն ներկայացնել ավելի սակավաթիվ, բայց միջազգային ու որակյալ հոդվածներ: Դրա շնորհիվ բարձր գիտաչափական տվյալներ ունեցող մասնագետներն ավելի վաղ կկարողանան ընդգրկվել երիտասարդ գիտնականների աճեցման գործում։
Երկրորդ ուղղություն՝ արտերկրի մասնագետը հնարավորության կունենա համաղեկավարելու ասպիրանտներին ու հայցորդներին, բացի դրանից՝ ընդգրկվելու մասնագիտական խորհուրդներում, ինչպես նաև առցանց մասնակցելու պաշտպանության գործընթացին՝ որպես ընդդիմախոս: Սա ևս կնպաստի գիտության միջազգայնացմանը, որակյալ կադրերի պատրաստմանը և գիտելիքի ներհոսքին, ինչպես նաև լոկալ մասնագետների գնահատականի փոխարեն ունենալ էլ ավելի օբյեկտիվ ու գլոբալ գնահատական աստիճանաշնորհման բնագավառում:
Երրորդ ուղղությամբ նախատեսվող փոփոխություններից են կուտակած անհրաժեշտ կրեդիտների մասին տեղեկանք ներկայացնելը, մասնագիտական խորհրդի նիստի քվորումն ապահովելու համար նվազագույն անհրաժեշտ մասնակիցների մասնաբաժինը նշելը: Փորձարարական մասնագիտությունների դեպքում առանց համահեղինակների հոդված ունենալու պահանջը փոխարինվել է առաջին հեղինակով հոդված ունենալուն:
Չորրորդ ուղղության հետ պայմանավորված են ոչ միայն ստորև բերված երկու էական փոփոխությունը, այլև վերը նշված փոփոխություններից շատերը: Առաջին փոփոխությունն առաջատար կազմակերպության փոխարինումն է ընդդիմախոսով, իսկ մյուսը՝ աստիճանաշնորհման գործընթացի տարբեր օղակներում մասնագետներին ներգրավելիս այլևս շեշտը չի դրվելու գիտությունների դոկտորի աստիճան ունենալու վրա, այլ կարևորվելու է բարձր գիտաչափական տվյալներ ունենալը և ակտիվ գիտնական լինելը:
Կարգավորման նպատակներից է գիտական աստիճանաշնորհման բոլոր փուլերը շահառուների համար դարձնել հնարավորինս չափելի, հստակ և թափանցիկ։
Նշվում է, որ քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 20-ը: