Բաժիններ՝

Իրանը պատրաստ է ավարտել ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունները. Ռյաբկով

Իրանը պատրաստ է օպերատիվ կերպով ավարտել իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունները, չկա ոչ մի անլուծելի խնդիր և առավել ևս՝ փակուղի:

Այդ մասին դեկտեմբերի 6-ին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալիի հայտարարությունն այն մասին, որ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները մտել են փակուղի: Այդ մասին տեղեկանում ենք РИА Новости գործակալությունից:

«Իրանական կողմը, ինչպես ես հասկանում եմ, հաստատում է իր պատրաստակամությունը և՛ օպերատիվ կերպով ավարտել ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունները, և՛ շարունակել ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարության հետ համագործակցությունը պրոֆիլային թեմաների շուրջ. այնտեղ նույնպես կան մի քանի սյուժեներ: Իմ կարծիքով, այստեղ ոչ մի անլուծելի խնդիր չկա, ամեն դեպքում փակուղի չի նշմարվում», – ասել է Ռյաբկովը:

ՌԴ փոխարտգործնախարարը նաև ասել է, թե որ դեպքում ԳՀՀԾ-ի վերականգնումը կբարդանա: «Իսկ եթե նա (ԱՄՆ-ը) բանակցությունները «հագեցնի» ոչ պրոֆիլային հարցերով, վտանգավոր, ավելորդ ինչ-որ օրակարգերով, ինչպես դա տեղի է ունենում վերջին ժամանակներս, ապա այդ ժամանակ, իհարկե, ԳՀՀԾ-ի վերականգնումն այդքան պարզ քայլ չի լինի: Ուստի ընտրության հարց է», – ընդգծել է փոխնախարարը:

Իրանի հետ կնքված միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների վերջին փուլն անցկացվել է Դոհայում հունիսի 29-30-ին: Այն բանից հետո, երբ ներգրավված երկրների ներկայացուցիչները վերադարձան իրենց մայրաքաղաքներ, այս թեմայի շուրջ երկխոսությունը դադարեցվեց:

Հիշեցնենք, ԳՀՀԾ-ն կնքվել էր Իրանի և վեց գերտերությունների միջև 2015 թվականին, սակայն 2018 թվականին այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել համաձայնագրից՝ վերականգնելով Իրանի նկատմամբ պատժամիջոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս