ԱԻ նախարարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։

Ինչպես հայտնում են նախարարությունից, Արմեն Փամբուխչյանը ողջունելով դեսպան Ֆուկուշիմային՝ բարձր է գնահատել Ճապոնիային հետ սերտ համագործակցությունը։ Գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը մշտապես աջակցելու գործում ներդրած ջանքերի համար, հրշեջ-փրկարարական ջոկատները տեխնիկապես վերազինելու, սեյսմիկ ռիսկի գնահատման և պլանավորման, սողանքային աղետի կառավարման, ինչպես նաև այս տարիների ընթացքում ԱԻՆ աշխատակիցների վերապատրաստումը և փորձի փոխանակումը Ճապոնիայում անցկացնելու, նաև՝ աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի ներդրման համար։

Դեսպան Ֆուկուշիման շնորհակալություն է հայտնել նախարար Փամբուխչյանին ջերմ ընդունելության համար և շեշտել, որ ԱԻ նախարարության հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը նպաստում է ապագայում նորանոր ծրագրերի ստեղծմանը։ Դեսպանը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս