
ԱՄՆ-ը Թայվանին առաջարկել է Patriot հրթիռների ամենաժամանակակից տարբերակը

Միացյալ Նահանգները Թայվանին առաջարկել է գնել 100 հատ ամենաժամանակակից Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համալիրներ: Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:
Փաթեթի արժեքը կկազմի 882 միլիոն ԱՄՆ դոլար, որի մեջ կմտնեն նաև ռադար և օժանդակ սարքավորումներ: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության ծանուցման, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ, այդ առաջարկը վերաբերում Է Patriot Pac-3 հրթիռների մատակարարմանը, որոնք ավելի կատարելագործված են, քան կղզի ուղարկված նախորդ հրթիռները: Տեխնիկապես առաջարկը նոր չէ. այն լրացնում է 2010 թվականին կնքված գործարքը, որի ընդհանուր արժեքը կազմում էր 2,81 միլիարդ դոլար:
Նշվում է, որ նոր սերնդի հրթիռների մատակարարումները գործարքի արժեքը չեն փոխի: Bloomberg-ը նշում է, որ այս քայլն է՛լ ավելի կսրի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածությունը, որը վերջին ամիսներին աճել է Սպիտակ տան վարչակազմի այն մտահոգությունների պատճառով, թե Պեկինն ավելի ագրեսիվ է դառնում կղզու նկատմամբ:
ԱՄՆ իշխանությունները մտավախություն ունեն, որ չեն կարող Թայվանին բավարար չափով զենք մատակարարել, քանի որ ռազմական օգնության մեծ մասն ուղղվում է Ուկրաինային: The Washington Post-ը նշել էր, որ Վաշինգտոնը հետ է մնում Թայվանին 18.7 մլրդ դոլարի սպառազինության մատակարարման հարցում:
Դա ներառում է 208 Javelin հակատանկային համակարգեր և 215 Stinger զենիթահրթիռային համալիրներներ: