Մունդիալ-2022. Բրազիլիան ջախջախեց Հարավային Կորեային և քառորդ եզրափակիչում է
Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում Կատարի մայրաքաղաք Դոհայի «974» մարզադաշտում Բրազիլիան մրցեց Հարավային Կորեայի հետ:
Բրազիլիայի ընտրանուն հաջողվեց արագ առաջ անցնել հաշվի մեջ: Ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելով՝աշխարհի հնգակի չեմպիոններին առաջ մղեց Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը: Բրազիլիայից երկար ժամանակ չպահանջվեց երկրորդ գնդակը խփելու համար: Հարավային Կորեայի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց վնասվածքից նոր ապաքինված Նեյմարը:
Խաղակեսում բրազիլացիները տիրել էին նախաձեռնությանն ու կորեացիների յուրաքանչյուր բացթողում օգտագործում էին: Նմանատիպ մի պահի Ռիշարլիսոնը արագ կողմնորոշվեց մրցակցի տուգանային հրապարակում և խփեց իր թիմի երրորդ գնդակը: Կորեայի ընտրանու պաշտպանությունը պարզապես տապալվեց: Բրազիլիայի 4-րդ գնդակը 36-րդ րոպեին խփեց Լուկաս Պակետան:
Երկրորդ կեսում Բրազիլիան չէր գրոհում մեծ ուժերով, իսկ գլխավոր մարզիչը հանգստանալու հնարավորություն տվեց մի շարք ֆուտբոլիստների և դարպասապահին: Կորեայի ընտրանուն հաջողվեց խփել միայն հեղինակության գնդակը: Աչքի ընկավ Պայկ Սոյնգհուն:
Բրազիլիա-Հարավային Կորեա` 4:1:
Մունդիալի քառորդ եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը կմրցի ԱԱ-ի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին: