Մարշալ Հովհաննես Բաղրամյանի 125-ամյակին Մոսկվայում նրան նվիրված ֆիլմ է ցուցադրվել

Խորհրդային նշանավոր հրամանատար, Հայրենական մեծ պատերազմի բանակների և ճակատների հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի ծննդյան 125-ամյակի առթիվ նրա ծննդյան օրը՝ դեկտեմբերի 2-ին, Մոսկվայում տեղի է ունեցել «Հաղթանակի արվեստը. մարշալ Բաղրամյան» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Կինոնկարը ցուցադրվել է Մոսկվայի Поклонная гора հուշահամալիրի Հաղթանակի թանգարանի պատերին:

Մարշալ Բաղրամյանը յուրահատուկ ու հարուստ կենսագրության է ունեցել՝ լի վերելքներով ու վայրէջքներով, անհավանական հաջողություններով և ճակատագրի ողբերգական շրջադարձերով։ Նրան վիճակված էր մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի առաջին ամիսների ամենաարյունալի մարտերին, որտեղ կարողացել է հզոր դիմադրություն կազմակերպել՝ ճնշելով հակառակորդին։

Նացիստների դեմ Բաղրամյանի իրականացրած բազմաթիվ ռազմական գործողություններ մինչ օրս մանրակրկիտ ուսումնասիրվում են աշխարհի բոլոր ռազմական ակադեմիաներում: «Բագրատիոն» գործողությունը հավերժ կմնա օրինակ և կրկնօրինակման առարկա: Մերձբալթյան երկրների ազատագրումը, չորս օրում Քյոնիգսբերգի անառիկ ամրոցի գրավումը մարշալ Բաղրամյանի ծրագրած և հաջողությամբ իրականացված ամենայուրահատուկ գործողություններն են։

Սակայն նրա ռազմական արվեստի գագաթն է համարվում «Անադիր» գործողությունը:

Անցնելով չորս պատերազմ՝ Առաջին աշխարհամարտից մինչև Քաղաքացիական պատերազմ, խորհրդա-ֆիննական պատերազմից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ, մարշալ Բաղրամյանն իր անունը ոսկե տառերով գրեց Խորհրդային Միության ժողովուրդների պատմության մեջ։

«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ Արմայիս Կամալովը նշել է, որ Բաղրամյանն այն մարդկանցից է եղել, որն իր գեներալների, սպաների և զինվորների հետ կարողացել է հասնել հաղթանակի Հայրենական մեծ պատերազմում:

ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն էլ շեշտել է, որ Խորհրդային Միությունում հզոր մարշալներ են եղել, որոնք համաշխարհային հաղթանակ են տարել և աշխարհը գնահատում է նրանց:

«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի անդամ, ֆիլմի գաղափարի հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Արթուր Սողոմոնյանն էլ ընդգծել է, որ նա որոշել է վավերագրական ֆիլմեր նկարահանել հինգ հայ մեծանուն մարշալների մասին: Նա հետաքրքիր է համարել այն, որ հինգ մարշալն էլ ծնունդով Ղարաբաղից են:

Նրա խոսքով՝ ֆիլմերը պարզապես կենսագրականներ չեն, այլ փորձ ե՝ բացահայտելու մարշալների անձը:

Միջոցառմանը ներկա են եղել Հայրենական մեծ պատերազմի հրամանատարների հարազատները, Ռուսաստանի հերոսներ, զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինվորականներ, լրագրողներ, պատմաբաններ, հասարակական գործիչներ և Մարշալ Բաղրամյանի ընտանիքի ընկերները։

Տեսանյութեր

Լրահոս