Գեղարքունիքի մարզպետը մշտադիտարկում է անցկացրել Գավառ համայնքի շինհրապարակներում
Դեկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ համայնքում համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ դիտարկել է ՀՀ Կառավարության կողմից 2021-22 թվականներին իրականացված կամ իրականացման փուլում գտնվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։
Այցի առաջին կանգառը Բուռնազյան փողոցում էր, որտեղ ավարտվել են ճանապարհի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 220 միլիոն դրամ, որի 45 տոկոսը ներդրել է ՀՀ Կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Հիմնանորոգման աշխատանքները սկսվել եւ ավարտվել են 2021 թվականին։ Ասֆալտապատվել է 1,1 կիլոմետր երկարության ներհամայնքային ճանապարհ՝ 8700 քառակուսի մետր մակերեսով։ 5700 քառակուսի մետր մակերես էլ կազմում են ասֆալտապատ մայթերը։ Բուռնազյան փողոցի վրա են գտնվում Գավառի թիվ 2 նորակառույց դպրոցի եւ թիվ 7 մանկապարտեզի շենքերը։
Կարեն Սարգսյանի երկրորդ կանգառը Գավառի թիվ 7 մանկապարտեզում էր, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում այս տարի հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 174 միլիոն 49 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրի մեկնարկը տրվել է այս տարվա հոկտեմբեր ամսին եւ կավարտվի 220 օրացուցային օրվա ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում գործող մանկապարտեզում կավելանա եւս 120 տեղ, որով եւ նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենան Գավառի Հացառատ թաղամասի բոլոր երեխաները։
Ապա մարզպետը Սարուխան գյուղում դիտարկեց թիվ 1 մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 60 միլիոն 572 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ Կառավարությունը, 35 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի հունիսից եւ դեռեւս գտնվում են ընթացքի մեջ։ Կարեն Սարգսյանն իր դժգոհությունն է արտահայտել շինարարության որակի շուրջ, արել է համապատասխան դիտողություններ եւ ցուցում տվել շինարարին՝ սեղմ ժամկետներում շտկելու նկատված թերությունները։
Այցի հերթական կանգառը Գավառի Արծվաքար թաղամասի թիվ 8 մանկապարտեզում էր, որտեղ ավարտվել է հաստատության մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 84 միլիոն 874 հազար դրամ, 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքներն այստեղ իրականացվել են 2020-2021 թվականների ընթացքում, ինչ արդյունքում գործող 3 խմբերի 60 սաների համար ապահովվել են լավագույն ու ժամանակակից պայմանները։ Նախատեսվում է բացել չորրորդ խումբը, որի սաներն արդեն հերթագրվել են։ Ծրագրի իրականացման շնորհիվ եւ Գավառի համայնքապետարանի միջոցների ներդրմամբ մանկապարտեզի շենքի հարմարավետ տարածք է տեղափոխվել Արծվաքար թաղամասի գրադարանը, որը նախկինում գործում էր Արծվաքարի մշակույթի տանը, անբարվոք պայմաններում։
Կարեն Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել շինարարության որակից, մանկապարտեզում ստեղծված աշխատանքային պայմաններից ու հագեցած առօրյայից։
Այցի վերջին կանգառը Գավառի մշակույթի տան շենքում էր, որտեղ ավարտին են մոտենում կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 109 միլիոն 944 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի սեպտեմբերից եւ գտնվում են ավարտական փուլում։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է դահլիճն ամբողջությամբ, կոնֆերանսների դահլիճը, աշխատասենյակներ, սանհանգույցները, ձեւափոխվել է շենքի երկու մուտքերի արտաքին տեսքը։
Այցի ավարտին Կարեն Սարգսյանը ներկայացրել է մշտադիտարկման արդյունքում ստացած տպավորությունները։
«Այսօրվա դիտարկումների հիմնական նպատակը մեկն էր՝ ստուգելու նախորդ մշտադիտարկումների ժամանակ տրված ցուցումների եւ հանձնարարականների կատարման ընթացքն ու արդյունքները։ Որոշ տեղերում արդեն շտկված էին նկատված սխալներն ու թերացումները, որոշ տեղերում էլ հարկ եղավ նոր ցուցումների ու հանձնարարականների իջեցումը, որպեսզի բոլոր աշխատանքները հանձնվեն անթերի ու ենթակա լինեն վճարման։ Ընդհանուր առմամբ, գոհ եմ աշխատանքների ընթացքից։ Իսկ սուբվենցիոն, ինչպես նաեւ պետական միջոցներով իրականացվող մյուս ծրագրերի մշտադիտարկումները կրելու են շարունակական բնույթ, քանի որ դրանք առավել նպաստում են շինաշխատանքների արդյունավետ կատարմանը, ի հայտ եկած խնդիրների բացահայտմանն ու կարգավորմանը, նկատված թերացումների ու սխալների ուղղմանը»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետը։
Խոսրով Խլղաթյան