Նեյմարը մարզվել է Բրազիլիայի հավաքականի ընդհանուր խմբում
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի առաջատար Նեյմարը մարզվել է հավաքականի ընդհանուր կազմի հետ:
Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության փլեյ-օֆֆում դեկտեմբերի 5 Բրազիլիայի հավաքականը կմրցի Հարավային Կորեայի հետ: Ընտրանու հետ մարզմանը մասնակցել է նաև ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, ով նոր է վերականգնվել վնասվածքից:
Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածք էր ստացել ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Սերբիայի հետ խաղում: Հանդիպումն ավարտվել էր բրազիլացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով: Նեյմարը փոխարինվել էր 79-րդ րոպեին։
Նեյմարը 30 տարեկան է, 2017-ին իսպանական «Բարսելոնա»-ից տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ ՝ ռեկորդային 222 միլիոն եվրոյով: Բրազիլիայի հավաքականի կազմում նա դարձել է 2013-ի Կոնֆեդերացիաների գավաթակիր և 2016-ի օլիմպիական չեմպիոն: Հարձակվողն ազգային թիմի կազմում անցկացրել է 121 հանդիպում եւ խփել 75 գոլ։