Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզի 3 բնակավայրերում կկառուցվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնների շենքեր

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար, Գավառ համայնքի Լճափ եւ Ճամբարակ համայնքի Դպրաբակ գյուղերում ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին կկառուցվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնների նոր շենքեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, Ծակքարի եւ Լճափի ԱԱՊԿ-ները եւ Դպրաբակի բուժամբուլատորիան մինչ օրս չունեն համապատասխան շենքեր եւ գործունեություն են ծավալում այլ կազմակերպությունների հաշվեկշռում գտնվող շենքային տարածքներում։ ՀՀ կառավարության կողմից ընդունված համապատասխան որոշման համաձայն՝ Ծակքար եւ Դպրաբակ բնակավայրերում ծրագրերը կյանքի կկոչվեն ՀՀ առողջապահության նախարարության՝ ՀՀ մարզերում գործող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների շենքերի կառուցման շրջանակներում, իսկ Լճափ բնակավայրում՝ «Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ»։

«Ծրագրի նպատակն է՝ գյուղական բնակավայրերում կառուցել ժամանակակից չափանիշներին համապատասխան գործող առողջության առաջնային պահպանման հաստատություններ։ Ծակքարի եւ Լճափի առողջության առաջնային պահպանման կենտրոնները եւ Դպրաբակի բուժամբուլատորիան չունեն շենքային ժամանակակից ու բավարար պայմաններ, եւ կառավարության կողմից ընդունված որոշման շրջանակներում մոտակա երեք տարիների ընթացքում այս տեղերում կունենանք բոլորովին նոր, արդի չափորոշիչներին համապատասխան բուժհիմնարկների շենքեր»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապքահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս