«Մեղու» մրցույթին հնարավոր կլինի նախապատրաստվել և գրանցվել մասնակցության համար նաև Վայբերում
«Այբ» կրթական հիմնադրամն այսուհետ ներկայացված կլինի ևս մեկ հարթակում՝ հնարավորություն տալով ավելի մեծ թվով շահառուների ՀՀ-ի տարածքում ներգրավվելու կրթական տարբեր ծրագրերում։ Հիմնադրամն ուրախ է հայտնելու Հայաստանում հաղորդակցման ամենատարածված հարթակներից մեկի՝ «Վայբերի» հետ համագործակցության մեկնարկի մասին։
Ինչպես տեղեկացրին «Այբ» կրթական հիմնադրամից, գործընկերության շրջանակում հիմնադրամը գործարկել է Ayb Educational Foundation ալիքը և իր չատբոտը։ Այստեղ ներկայացված են «Այբ» կրթական հիմնադրամի նոր ու խոշոր ծրագրերն ու միջոցառումները, ինչպես նաև այլ նյութեր կրթության և ինքնազարգացման մասին։ Չատբոտի միջոցով հնարավոր կլինի նախապատրաստվել «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին, ինչպես նաև գրանցվել մրցույթին մասնակցելու համար:
Համագործակցությունը, որն սկսվում է 2022թ․ դեկտեմբերից, մեկնարկում է «Այբ»-ի զանգվածային ամենաընդգրկուն ծրագրերից մեկի՝ «Մեղու․ հայերենը բոլորի համար» մրցույթին համընթաց, որը տրամաբանության և հայերենի շուրջ է միավորում ՀՀ, Արցախի և սփյուռքի 3-12-րդ դասարանների աշակերտներին։
Գործընկերության ընթացքում համատեղ Վայբերում ստեղծվելու և տարածվելու են կրթական ոգևորիչ կերպարային ու տեսողական գործիքներ, հայոց լեզվի մրցույթի գլխավոր հերոսի՝ Մեղվի տեսքով։