Ստեփանակերտում ակնկալում են միջազգային հանրության հստակ գնահատականը Արցախը Հայաստանին կապող մայրուղին ադրբեջանցիների կողմից փակելու քայլին

Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու քայլն ադրբեջանական կողմի հերթական սադրանքն է, որով բնապահպանական խնդրի քողի տակ փորձում են հոգեբանորեն ահաբեկել Արցախի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև ստվեր գցել ՌԴ խաղաղապահ առաքելության վրա:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ մեկնաբանելով մի խումբ քաղաքացիական հագուստով ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ճանապարհահատվածը փակելու միջադեպը:

«Այս պահին, ինչպես գիտենք, բանակցությունները առայժմ շարունակվում են: Կարծում ենք, խնդիրը կարճ ժամանակում լուծում կստանա, սակայն սա պետք է համապատասխան գնահատական ստանա միջազգային հանրության և Ռուսաստանի Դաշնության կողմից՝ որպես տարածաշրջանում հիմնական դերակատար»,-ասաց Արթուր Հարությունյանը:

Դեկտեմբերի 3-ին ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար: ՌԴ խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ մայրուղին բացելու հարցով:

Տեսանյութեր

Լրահոս