Չինաստանում հայտարարել են, որ ԵՄ-ի ղեկավարի այցը երկիր կօգնի համաշխարհային տնտեսության կայունացմանը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Չինաստան կօգնի համաշխարհային տնտեսության կայունացմանը: Դեկտեմբերի 1-ին այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շու Ցզյուետինը: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
«Առավոտյան ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը և Շառլ Միշելը հանդիպում են անցկացրել: Չինաստանը պատրաստ է մերձեցման Եվրամիության հետ, (…) մենք կուսումնասիրենք երկկողմ հարաբերությունների ներուժն առևտրային և ներդրումային ոլորտում, կպահպանենք համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակում, կստեղծենք դրական խթան և կաջակցենք կայունության բարձրացմանը համաշխարհային տնտեսությունում»,- հայտնել է նա ճեպազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով բարձր մակարդակի երկխոսությունը:
Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Պեկինը Բրյուսելի հետ հարաբերությունները կառուցում է՝ ղեկավարվելով փոխադարձ հարգանքի և երկուստեք շահի սկզբունքներով:
«Չինաստանը ԵՄ-ի համար մնում է մեծությամբ խոշորագույն, իսկ Եվրամիությունը Չինաստանի համար՝ երկրորդ առաջատար առևտրային գործընկերը»,- ընդգծել է Շու Ցզյուետինը: Նա հիշեցրել է, որ հունվար–հոկտեմբեր ամիսներին Չինաստանի և Եվրոպայի ապրանքաշրջանառությունը տարեկան հաշվարկով ավելացել է 6,3 տոկոսով՝ կազմելով 711,4 միլիարդ դոլար: «Չինաստանը և ԵՄ-ն տնտեսական ոլորտում արդեն միմյանց հետ ձևավորել են ամուր զուգակցված հարաբերություններ», – հավելել է առևտրի նախարարության ներկայացուցիչը: