Բաժիններ՝

Չինաստանը մտադիր է միջուկային զինանոցը պահպանել նվազագույն թույլատրելի մակարդակում

Չինաստանը միջուկային մարտագլխիկների թիվը կպահպանի ազգային անվտանգության պաշտպանության համար անհրաժեշտ նվազագույն մակարդակում: Նոյեմբերի 30-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Միջուկային սպառազինությունների վերաբերյալ Չինաստանի քաղաքականությունը հստակ է և հետևողական: ՉԺՀ-ն ավանդաբար հետևում է պաշտպանական բնույթի միջուկային ռազմավարությանը, (…) ջանքեր է գործադրում, որպեսզի իր միջուկային զինանոցը սահմանափակված լինի նվազագույն մակարդակով, որը պահանջվում է ազգային անվտանգության նկատառումներով»,- ասել է նա:

ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ չինական միջուկային զինանոցի հնարավոր ընդլայնման մասին Պենտագոնի ներկայացուցիչների հռետորաբանությունը փորձ է՝ արդարացում գտնել սեփական միջուկային սպառազինությունների ավելացման համար:

ՉԺՀ-ի ռազմական հզորության մասին Պենտագոնի՝ նոյեմբերի 29-ին հրապարակված հերթական տարեկան զեկույցում նշվում է, որ Միացյալ Նահանգները հաշվի է առնում այն, որ Չինաստանը կարող է մինչև 2035 թվականը միջուկային մարտագլխիկների թիվը հասցնել 1500-ի և ավարտել իր զինված ուժերի արդիականացման գործընթացը: Այդ փաստաթուղթը ներկայացվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի քննարկմանը: Ըստ զեկույցի հեղինակների տեսակետի՝ Չինաստանն, ըստ երևույթին, արագացրել է միջուկային սպառազինությունների արտադրության տեմպերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս