«Մեր գործընկերները կարող է համարում են, որ խորհրդարանում պայքարն այլևս անիմաստ է». Արծվիկ Մինասյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վստահեցնում է՝ «Հայաստան» խմբակցության, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության ո՛չ քաղաքական նպատակադրումներում է փոխոխություններ եղել, ո՛չ էլ ստեղծված իրավիճակին տված իրենց գնահատականներում։
«Տակտիկական, մարտավարական խնդիրը չի կարող համարվել գաղափարական ընդհանուր նպատակներից շեղում։ Մեր պայքարի շարունակությունը, ռազմավարությունը պետք է լինի աշխատանքը ժողովրդի, ազգային ինստիտուտների հետ, այն ինստիտուտների, որոնք մեր ազգի, պետականության ողնաշարն են։
Եթե, օրինակ, համարում եք, որ Հայ Առաքելական եկեղեցին կամ մեր կրթական հաստատությունները, ԳԱԱ-ն և բազմաթիվ համահայկական կառույցներ ու կազմակերպություններ, ապա այս ճակատում ձևակերպում պետք է լինի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորի խոսքով՝ օրինակ, եթե Արամ Վարդևանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից, ապա նա կարծում է, որ վերադառնալով փաստաբանական գրասենյակ, կարող է ավելի կարևոր դերակատարություն ունենալ։
«Եթե հիմա թշնամին հասել է Ջերմուկ, ընդդիմությո՞ւնն է մեղավոր, եթե հասել են այնտեղ, ապա թիվ մեկ մեղավորն օրվա իշխանությունն է։ Այն համաձայնագրերը, որոնք նախատեսում էին ստորագրել և հանձնումներն իրականացնել՝ իրենք չկարողացան մեր պայքարի արդյունքում»,- հավելեց Արծվիկ Մինասյանը։
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ մանդատները վայր դրած պատգամավորների վրա իշխանության կողմից ճնշումներ են եղել, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ իշխանությունն ամեն օր է ճնշումներ գործադրում, թե՛ իր ապօրինի գործողություններով, թե՛ իրեն սպասարկող լրատվամիջոցներով կեղծ լուրեր տարածելով։
«Ցանկացած պայքար իր մեջ որոշակի ակնկալիքներ է պարունակում՝ ժամանակի առումով, ստեղծվող արդյունքի տեսանելիության առումով։ Այո, մարտավարական առումով, կարող է մեր գործընկերները համարում են, որ խորհրդարանում պայքարն այլևս անիմաստ է, խորհրդարանից դուրս պետք է պայքարեն»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում