«Հետևողական եղեք՝ այս խախտումները մենք առնվազն չպետք է տեսնեինք». ՀԾԿՀ նախագահը՝ «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրենին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարվեց, որ 2023 թվականի հունվարի 1-ից բարձրանալու է խմելու ջրի սակագինը՝ դառնալով 209 դրամ։
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը խոսելով «Վեոլիա ջուր» ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագրի մասին, նշեց, որ այն առհասարակ չի նախատեսում որևէ մոնիտորինգ։
«Վարձակալության պայմանագիրն ասում է՝ վերցրեք փաստացի վաճառված ջրի ծավալը, այն, ինչը հաշվետվությամբ ձևավորել է ընկերությունը, հարկային մարմիններն ընդունել են և դրանով ձևավորվել է հասույթ, այդ փաստացի ծավալը վերցրեք բանաձևում։ Վերցրեք վիճակագրական վարչությունում հրապարակված սղաճը և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության բանաձևը կիրառեք, ստացեք բազիսային գնի վրա ճշգրտվող մեծություն։
Ի սկզբանե, երբ «Վեոլիա ջուր» ընկերությունը սկսել է աշխատել, քննարկումների արդյունքում ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն և խնդիրը դրվել է, որ այն ծավալները, որոնք մենք համատեղ մոնիտորինգ կանենք, ինչը խնդիր է ունենալու ոչ թե ընկերությանը պատժել, այլ վեր հանել այն խնդիրները, որոնք ընկերությունն իր աշխատակիցների պատճառով չի նկատում։
Ջրային կոմիտեի մեր մասնագետների, ՀԿ-ների ներկայացուցիչների օգնությամբ խնդրահարույց տեղերը վեր կհանենք ու ցույց կտանք, ինչն ընկերության հաջորդ և մնացած տարիների համար կդառնա վաճառվող ծավալ։ Այսինքն՝ համատեղ և՛ ընկերությունը կօգտվի հասույթի տեսանկյունից, և՛ մենք կօգտվենք սպառողների տեսանկյունից»,- խոսքն ուղղելով «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրենին՝ նշեց Գարեգին Բաղրամյանը։
Արձագանքելով՝ «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը նկատեց՝ ունեն ընդամենը 60.000 ջրաչափի տեղադրման հնարավորություն և բնական է, եթե 60.000–ը փոխարինեն 600.000-ով, ապա կունենան իրենց երազած համակարգը։
«Սակայն այս ամենը պետք է տեսնենք իրագործելիության սահմաններում, այսինքն՝ երբ պահանջը դնում ենք, պետք է հասկանանք, որ դրա հետևում կա ռեսուրս։ Ուզում եմ մեր ՀԿ-ներին խնդրել, որ նպաստեն համակարգի զարգացմանը, նրանք ունեն մեկ առաքելություն՝ հորդորենք՝ գանձումների մակարդակը բարձրացնեն։ Մենք հասկանալով, որ ոչ բոլորին կարող ենք ջրազրկել, մենք գանձումների հավաքագրման խնդիրն ունենք։ Մեր առաջընթացի ներդրումների կատարողականի ուժն ուղղակիորեն փոխկապակցված է գանձումների ծավալներին»,- նշեց Մարիաննա Շահինյանը։
Գարեգին Բաղրամյանն էլ կարծիք հայտնեց, որ որոշակի խնդիրներ կան նաև ընկերության աշխատակիցների մոտ, քանի որ կան արձանագրված խախտումներ, որոնք հայտնաբերվել են նախորդ մոնիտորինգի ժամանակ, սակայն դրանք այս պահին էլ չեն վերացվել՝ շարունակում են մնալ։
«Խնդրում եմ հետևողական լինեք՝ այս խախտումները մենք առնվազն չպետք է տեսնեինք, որովհետև նորից աշխատակիցները գնում են, նորից հայտնաբերում են»,- եզրափակեց Գարեգին Բաղրամյանը։