«Այդ այլանդակությունները տեսնելով՝ ո՞նց կարելի է պաշտպանել Փաշինյանին». Արմինե Գրիգորյան
Դերասանուհի, երգչուհի Արմինե Գրիգորյանը բարբարոսություն է համարում այն, որ «Եռաբլուրում» տեղի ունեցած խայտառակ միջադեպից հետո, երբ ոստիկանները ուժով հեռացրել էին զոհված զինծառայողներին, իսկ հետո դատի տվել նրանց:
«Բավական չէ այդ ծնողներին մարմնական վնասվածքներ հասցնելով՝ այդտեղից փորձում էին հեռացնել, հիմա էլ դատի են տալիս: Ահավոր է: Քանի որ այսպիսի խայտառակություն է տիրում երկրում, ամեն ինչ սպասելի է, ոչ մի բանի վրա չենք զարմանում: Պարզապես, ինձ հետաքրքիր է՝ ով է լինելու այն դատավորը, որ դատելու է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Անդրադառնալով զոհված զինծառայողների ծնողների վերաբերյալ համացանցում գրվող բացասական մեկնաբանություններին, նա ընդգծեց. «Նրանք այնքան են սահմաններն անցել, այն աստիճանի սրբություն չունեն, որ իրենց ֆեյքերով զոհված զինծառայողների ծնողների վրա գրել են տալիս, մեզ վրա որ գրում են՝ ջհանդամ, բայց զոհվածների ծնողների՞: Այդ լուսավոր երեխեքը, հերիք չէ՝ զոհվել են, մի հատ էլ նրանց ծնողներին պետք է դատեն, մի հատ էլ նրանց վրա բաներ են գրել տալիս, ախր ո՞նց կարելի է»:
Ըստ նրա՝ եթե նախկինում շատ մարդիկ վախենում էին ասել, որ հիասթափվել են գործող իշխանություններից, հիմա արդեն վախենում են ասել, որ աջակցում են նրանց. «Դա արդեն մեծ պրոգրես է: Երևի թե պետք է սպասել ինչ-որ բանի»:
Անդրադառնալով արվեստի, մշակույթի գործիչների այն հայտարարություններին, թե 2018թ. իշխանափոխությունից հետո մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել, նա հետևյալն ասաց.
«Այո, 2018թ. իսկապես մարդկանց դեմքին ժպիտ կար, որովհետև դրանից առաջ կար այն գաղջ մթնոլորտը, որ ասում էին, բայց ո՞ւմ էր պետք այդ ժպիտը, որ հետո պետք է դառնար դժբախտություն, ավելի լավ էր՝ այդ գաղջ մթնոլորտում նստեինք: Ամեն ինչ ստաբիլ գնում էր: Հետո, որ ժպիտ եկավ, ուրախացանք, անծանոթ մարդիկ իրար գրկում-համբուրում էին, հետո այն նույն անծանոթ մարդիկ իրար դժբախտության մեջ ցավակցում, գրոշի արժեք դա ունե՞ր: Որ ասում են՝ չենք պաշտպանել այս իշխանություններին. Բոլորս էլ պաշտպանել ենք, բայց այդ այլանդակությունները տեսնելով, եթե նորից պաշտպանենք, կնշանակի՝ մենք զոմբի ենք: Հիմա լռում են, գոնե խոսեն: Հայտնի ասացվածք կա, չէ՞, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է քեզնով զբաղվում»:
Արմինե Գրիգորյանն այդքան չի մեղադրում Փաշինյանին, որքան այն մարդկանց, որոնք Փաշինյանին պաշտում են. «Այդ մարդն իր գործն է անում, բա նրան պաշտպանողնե՞րը: Վաղը-մյուս օրը կարող է թեքվել ու նրանց ասել՝ ես իմ գործն էի անում, բա դուք չէիք ամաչո՞ւմ, որ ինձ պաշտպանում էիք. Նրանից հեռու չի, չէ՞, մենք տեսնում ենք, թե ինչպես է օրվա առաջին կեսին մի բան ասում, օրվա երկրորդ կեսին՝ այլ: Նա ասում է՝ եթե պատերազմը կանգնեցներ, իրեն կասեին՝ դավաճան, այսինքն՝ այդքան մարդու տանեք՝ սպանեք, որպեսզի ձեզ չասեն՝ դավաճա՞ն: Արդյունքում և՛ այն եղավ, և՛ այն. և՛ այդքան զոհ ունեցանք, և՛ քեզ բոլորն ասում են դավաճան, հիմա ի՞նչ ասենք այսքանից հետո, էլ բան չկա ասելու: Հիմա այսքանից հետո ո՞նց կարելի է նրան պաշտպանել: Ինձ թվում էր՝ դուք զոմբիներ եք, բայց ոչ, դուք ստախոսներ եք և շահի համար եք այդպես անում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում