Ինչո՞ւ է տապալվում Բրյուսելում նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպումը
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի չի ունենա: Նույն աղբյուրների համաձայն, Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է նոյեմբերի 25-ին «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովի ընթացքում՝ հավելելով, որ իբրև թե Նիկոլ Փաշինյանը պայմաններ է դրել հանդիպման ձևաչափի վերաբերյալ:
Ալիևը մասնավորապես ասել է. «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի, և ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը, և խաղաղության գործընթացն իրականության հետ որևէ աղերս չունեն։
Ըստ նրա, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։
168.am-ի հետ զրույցում վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ դժվար է իր համար մեկնաբանել, թե որ կողմն է տապալել հանդիպումը: Սակայն, նրա գնահատմամբ, հանգամանքը, որ հանդիպումը տեղի չի ունենալու, արդեն իսկ վատ միտում է այն ողջ գործընթացի համար, որը Բրյուսելի մասնակցությամբ էր սկսվել դեռևս անցյալ տարեվերջից:
Սա, նրա որակմամբ, վատ միտում է նաև Վրաստանի համար, որը «ոգևորված էր» Հարավային Կովկասում ԵՄ-ի և Վաշինգտոնի ակտիվությունից:
«Փաստորեն խնդիրը միայն սպասվելիք հանդիպման ձևաչափը չէ, այլ բովանդակությունը, քանի որ Վաշինգտոնում պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ կայացած հանդիպմանը լիովին նոր առաջարկներ են քննարկվել: Սա նշանակում է, որ, իհարկե, խնդիրը ձևաչափը չէ, այլ առաջարկվող փաթեթի բովանդակությունը կամ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը ու ՌԴ ջանքերը՝ գործընթացն ամեն գնով տեղափոխել Մոսկվա:
Չի բացառվում, որ այս ֆոնին Ռուսաստանում հանդիպում տեղի ունենա, թեև այսօր հայտարարվեց, որ նման հանդիպում դեռ չի նախատեսվում: Ինչպես մշտապես ասել եմ, տարածաշրջանը շատ է տուժում, ազդվում գլոբալ հակամարտությունից, քանի որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը և ԼՂ հակամարտությունը միջազգայնացվել է, դարձել է արտաքին խաղացողների քայլերից ու գործողություններից յուրաքանչյուր պահին ազդվող հակամարտություն: Սա նշանակում է, որ որքան ձգվի պատերազմն Ուկրաինայում, նման իրավիճակը Հարավային Կովկասում կարող է անվերջ շարունակվել»,- ասաց Գոգոլաշվիլին՝ հույս հայտնելով, որ ստեղծված ծանր աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրավիճակից կրկին չի տուժի անվտանգությունը: