Ալիևը խոսել է Փաշինյանի պայմանի մասին, հայկական կողմը լռում է. Բրյուսելում նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպումը չեղարկվո՞ւմ է
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի չի ունենա: Նույն աղբյուրների համաձայն, Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է նոյեմբերի 25-ին «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովի ընթացքում՝ հավելելով, որ իբրև թե Նիկոլ Փաշինյանը պայմաններ է դրել հանդիպման ձևաչափի վերաբերյալ:
Ալիևը մասնավորապես ասել է. «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»։
168.am-ը փորձեց տարածվող այս տեղեկատվության իսկությունը պարզել ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից:
Մեր հարցին, թե արդյո՞ք ծրագրվում էր նման հանդիպում, և եղե՞լ է արդյոք նման պայման հայկական կողմից, որպեսզի հանդիպմանը մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Խաչատրյանը պատասխանեց, որ այս պահին նման տեղեկատվություն չունի և չի կարող որևէ բան ասել:
Հիշեցնենք, որ արևմտյան հովանու ներքո Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը կայացավ հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Քառակողմ բանակցություններին հաջորդել էր ադրբեջանա-ֆրանսիական դիվանագիտական լարում հարուցած Մակրոնի հարցազրույցը «France 2» հեռուստաալիքի «L Événement» հաղորդմանը, որում նա Հարավային Կովկասի իրավիճակն ապակայունացնելու մեղադրանք էր ուղղել ՌԴ-ին, ինչպես նաև խոսել Ադրբեջանի հարձակողական գործողությունների մասին: Մակրոնը շեշտել էր` Ադրբեջանը սարսափելի պատերազմ էր սկսել, որը հանգեցրել էր բազմաթիվ զոհերի ու դաժանությունների: Այնուհետև Ֆրանսիայի նախագահը խոսել էր այս տարվա իրադարձությունների մասին` նշելով, որ սեպտեմբերին Ադրբեջանը սահմանի երկայնքով մի քանի հարձակողական գործողություններ է ձեռնարկել` նպատակ ունենալով միջանցք բացել (դեպի Նախիջևան)։
«Մենք միանշանակ դատապարտեցինք դա։ Եվրոպայի Խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հավաքվեցինք և որոշեցինք, որ առաջին հերթին կողմերը պետք է պարտավորություն ստանձնեն ճանաչել 1991թ.-ի սահմանները։ Իսկ ի՞նչ է կատարվում այդ սահմանին արդեն երկու տարի։ Այնտեղ 5000 ռուս զինվոր կա։ Ռուսաստանն օգտվեց այդ հակամարտությունից, միջամտեց և ակնհայտորեն Ադրբեջանի խաղը խաղաց Թուրքիայի մասնակցությամբ։ Նա վերադարձավ այնտեղ, որպեսզի թուլացնի Հայաստանը։ Եվ այն, ինչ տեղի է ունենում այստեղ, Ռուսաստանի ապակայունացնող մանևրն է, որը փորձում է Կովկասում անկարգություններ ստեղծել մեզ բոլորիս թուլացնելու և բաժանելու համար»,- հայտարարել էր Մակրոնը։ Ալիևը սա անպատասխան չթողեց և Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում քննադատեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, նշելով, թե Ֆրանսիայի նախագահը փորձել է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը։
«Մենք կտրականապես դատապարտում ենք նման հայտարարությունները, և եթե Ֆրանսիայի կառավարությունը նման վերաբերմունք ունի, ապա հնարավորություն չենք տեսնում, որ հետագայում Ֆրանսիան որևէ դեր խաղա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- հայտարարել էր Ալիևն Աստանայում՝ ըստ էության պարզ ասելով, որ չի համաձայնելու հանդիպումների Մակրոնի միջնորդությամբ: Մակրոնի միջնորդությունը հայտնվեց կասկածի տակ նաև օրերս Ֆրանսիայի Սենատի ընդունած հայամետ բանաձևից հետո: