ՄԱԿ-ը շնորհակալություն է հայտնել Հայաստանին խաղաղության պահպանման գործում ունեցած ներդրման համար

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուան իր երախտագիտությունն է հայտնել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի ցուցաբերած վճռական աջակցության և ՄԱԿ-ի դրոշի ներքո տեղակայված ռազմական և ոստիկանական անձնակազմի ծառայության և անձնազոհության համար։

Ինչպես տեղեկանում ենք ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրությունից, ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից Հայաստանը ներկայումս 79-րդն է ՄԱԿ-ի խաղաղությանն ուղղված գործողություններին ամենամեծ թվով ռազմական անձնակազմի տրամադրման առումով. ներառում է 32 խաղաղապահների, այդ թվում՝ երեք կին ծառայողների, որոնք ծառայում են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում։

Առաջին հայ խաղաղապահը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում տեղակայվել է 2012 թ. փետրվարին։ 2014 թվականի նոյեմբերից ի վեր, երբ Լիբանան ժամանեց Հայաստանից առաջին զորախումբը՝ բաղկացած 33 զինվորականից, Հայաստանը մշտական ներդրում ունի առաքելության մեջ:

Հայաստանը նախկինում մի քանի տարի շարունակ նաև սահմանափակ թվով խաղաղապահներ է տեղակայել ՄԱԿ-ի հովանու ներքո Մալիում Բազմազգ միացյալ կայունացման առաքելության (MINUSMA) կազմում։

«Հայ տղամարդիկ և կանայք ծառայել են ՄԱԿ-ի խաղաղապահ բազմաբնույթ միջավայրերում և ցուցաբերել արհեստավարժության և նվիրվածության բարձր մակարդակ: Խորապես երախտապարտ ենք տևական խաղաղության և անվտանգության գործում նրանց ներդրման համար», – նշել է պարոն Լակրուան։

Հայաստանը նաև հավանություն է տվել Գլխավոր քարտուղարի «Գործողություն հանուն խաղաղության պահպանման» (A4P) նախաձեռնությանը, որի նպատակն է ամրապնդել խաղաղապահությունը ավելի նպատակային մանդատների, ավելի ուժեղ և անվտանգ գործողությունների, ավելի հագեցած և պատրաստված ուժերի և քաղաքական լուծումների համար աջակցություն հավաքագրելու միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս