«Ֆրանսիան մեզ աջակցում է թղթերով, բայց Ուկրաինային տալիս է իրական օգնություն». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը լուրջ սպասելիքներ չունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից:

«Ռուսաստանը հայտնվել է բավականին ծանր իրավիճակում: Մի կողմից հասկանում է, որ ՀԱՊԿ-ը և ինքը ունեն դաշնակցային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, մյուս առումով հասկանում են, թե այդ պարտավորությունների կատարումը ինչի կարող է հանգեցնել. Կարող է հանգեցնել իրենց համար այս տարածաշրջանում երկրորդ ճակատի բացման: Այսօր, երբ Ռուսաստանը չի կարողանում լուծել ուկրաինական ճակատի հարցը, իր համար կարող է բավականին խոցելի լինել երկրորդ ճակատի բացումը: Դրա համար Ռուսաստանն ամեն կերպ խուսափում է երկրորդ ճակատի բացումից, ամեն կերպ փորձում է ստվերային առումով լուծել հայ-ադրբեջանական սահմանային վեճերը, իսկ ՀԱՊԿ-ի առումով բոլորս ի սկզբանե գիտեինք, որ դա բուտաֆորիկ կառույց է: Այլ հարց է, որ մենք մնում ենք ՀԱՊԿ-ում, որպեսզի մեր դաշնակից Ռուսաստանի համար չստեղծենք տհաճ իրավիճակ: Նույն ՀԱՊԿ-ում, որտեղ կան նաև թյուրքական պետություններ, այսօր ՀԱՊԿ-ի երկու անդամներ՝ Տաջիկստանը և Ղրղըզստանը, իրար էին կոտորում: Ինչպես ՆԱՏՕ-ն անկարող է լուծել իր անդամների միջև առկա խնդիրը, այդպես էլ ՀԱՊԿ-ը, ուր մնաց՝ խրվի այս խնդրի մեջ, և այդ կապակցությամբ բավականին անկեղծ և ճիշտ մատնանշեց Ալիևը՝ ասելով, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի, քան Հայաստանը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Վերլուծաբանը նկատեց՝ ինչքան էլ Փաշինյանը չունենա գեոքաղաքական գիտելիքներ, վստահաբար՝ նա հոյակապ հասկանում է՝ ի՞նչ է ՀԱՊԿ-ը և արդյո՞ք ընդունակ է որևէ աջակցություն ցուցաբերել Հայաստանին. «Ինքն ուղղակի խաղալով արևմտյան դաշտում՝ փորձում է իբր ՀԱՊԿ-ից աջակցություն ակնկալելով՝ ավելի փչացնել ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին»:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ մնալ ՀԱՊԿ-ում, նա պատասխանեց. «Հոյակապ գիտենք, որ ՀԱՊԿ-ը որևէ իրական օգնություն չի ցուցաբերելու, միակ բանը, որ ՀԱՊԿ-ից ստանում էինք՝ ՌԴ-ից զենքը գնում էինք իրենց ներքին շուկայական գներով: Ապագայում էլ, եթե ՌԴ-ի մոտ զենքի ավելցուկ լինի, հնարավոր է, որ նորից փորձենք ռուսական շուկայական ներքին գներով գնել այդ զենքը: Այստեղ խնդիրն այլ հարթության մեջ է՝ չփչացնել դաշնակից Ռուսաստանի դեմքը:

Կարդացեք նաև

Եթե դու ՀԱՊԿ-ից դուրս եկար, այնպես չէ, որ մյուս դաշինքներում քեզ սրտատրոփ սպասում են և ցուցաբերելու են աջակցություն: Այսինքն՝ այստեղ մի կողմից նժարին դրված է, որ փչացնելով քո հարաբերությունները՝ քո դաշնակցի հետ, կարող է շատ ավելի մեծ վնասներ ունենաս և չստանաս որևէ երկրից որևէ աջակցություն»:

Ճշտեցինք՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պարագայում Արևմուտքը չի՞ աջակցի Հայաստանին:

«Եթե Արևմուտքը ցանկություն ունենար աջակցել Հայաստանին, կգտներ ճանապարհներ՝ մշտապես աջակցել Հայաստանին: Հիմա Արևմուտքը ո՞նց է աջակցում անգամ ժողովուրդների, որոնք պետականություն չունեն, օրինակ՝ Սիրիայի քրդերին: Նրանց աջակցում են, որովհետև շահերն են համընկնում: Տեսեք՝ Ֆրանսիայի օրինակը բերեմ. Ֆրանսիան մեզ աջակցում է թղթերով, բայց Ուկրաինային տալիս է իրական զենք: Այդ բոլոր թղթերի փոխարեն, եթե Ֆրանսիան Հայաստանին 2020թ. պատերազմի ժամանակ տար Ուկրաինային տրամադրած զենքի 10 տոկոսը, դա շատ ավելի օգտակար կլիներ հայ ժողովրդին: Բոլորը հոյակապ հասկանում են՝ իրենց շահերը որոնք են, դրա համար այնպես չէ, որ այլ տեղերում մեզ սպասում են: Եթե այլ տեղերում մեզ սպասեին, ես ինքս առաջիններից մեկը կհիմնավորեի, որ այլ տեղերում մեզ սպասում են, մեզ միանգամից կվերցնեն անվտանգության հովանոցի տակ: Բազմիցս, նույն Իրանի հետ կապված հայտարարում եմ, որ այս իրավիճակում պետք է խորացնել Իրանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները: Նույն Ռուսաստանը մի կողմ թողեց իր կայսերական ամբիցիաները, երբ հասկացավ, որ Իրանից պետք է գնել դրոններ, որովհետև դրանք շատ ավելի արդյունավետ են»,- ի պատասխան՝ ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս