Ղարաբաղ-Ադրբեջան բանակցային քննարկվող մեխանիզմը դեռևս չհամաձայնեցված ձևաչափով, միջնորդությամբ ու նպատակներով գործընթաց է. Լուկիանով
«Ղարաբաղի մասնակցությամբ բանակցությունների ձևաչափի հարցում կողմերի միջև կա ընկալումների տարբերություն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Արցախ-Ադրբեջան հնարավոր բանակցությունների ձևաչափին ու միջազգային միջնորդությանը:
Հիշեցնենք, որ օրերս Իլհամ Ալիևն ասել էր, որ Ադրբեջանը պատրաստ է խոսել Ղարաբաղի հայերի հետ՝ նրանց իրավունքների և անվտանգության մասին։ «Եթե նրանք (Հայաստանը.- խմբ.) ցանկանում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության մասին, ապա դա չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այդ մասին խոսել հայերի հետ, որոնք ապրում են Ղարաբաղում։ <…> Մենք պատրաստ ենք խոսել մարդկանց հետ, որոնք ապրում են Ղարաբաղում և ցանկանում են այնտեղ ապրել։ Մենք դրան պատրաստ ենք։ Ի դեպ, այդ գործընթացն արդեն սկսվել է»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։ Արցախի պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանը պատասխանել էր Ալիևին՝ նշելով, որ Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի: «Ես ողջունում եմ նաև միջազգային միջնորդության միջոցով ուղղակի բանակցությունների նոր ձևաչափի ստեղծումը։ Ֆրանսիան, որի Սենատը վերջերս բանաձև ընդունեց Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, պետք է լինի միջազգային միջնորդների թվում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին։ Ֆրանսիան, հիշեցնեմ, նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է»,- նշել էր Վարդանյանը:
Լուկիանովի խոսքով, ցանկացած բանակցություն, այն էլ ԼՂ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ դրական է: Ըստ նրա, ինչպես միշտ ասել է՝ ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան դրա բացակայությունը:
«Սակայն, կարծում եմ, այստեղ կա ընկալումների միջև տարբերություն: Ադրբեջանական կողմը մերժում է Հայաստանի մասնակցությունը, չեմ բացառում, որ մերժում է նաև միջազգային մասնակցությունը, և միջազգային միջնորդությունից այս պահի դրությամբ շատ քչերն են խոսում: Արևմուտքից հաճախ խոսում են ընդհանրապես Հարավային Կովկասում ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին, քանի որ դա հնարավորինս քիչ դիվանագիտական ծանրաբեռնվածություն է ենթադրում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար: Սակայն կարծում եմ՝ կոնկրետ այս մեխանիզմի կողմերը դրա նպատակների ու ձևաչափերի շուրջ տարաձայնություններ ունեն, ինչը պակաս արդյունավետ է դարձնում այն»,- ասաց ռուս վերլուծաբանը:
Նրա խոսքով, եթե հետևողականություն լինի, ապա գուցե այս մեխանիզմը միջազգայնացվի:
«Իսկ եթե միջազգայնացվի, նշանակում է՝ խնդրով զբաղվելու է ԵԱՀԿ Մինսկի խո՞ւմբը: Բազմաթիվ չպարզաբանված հարցեր են մնում, սակայն միջազգային միջնորդությունը ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա կազմով հենց դա է ենթադրում: Պատկերացնել, որ այս բարդագույն իրավիճակում Ռուսաստանն ու Արևմուտքը կարող են միասին աշխատել, անհնար է թվում: Այս դեպքում չի բացառվում, որ այլ ձևաչափով տեղի ունենա միջազգային միջնորդությունը: Եթե դրան դեմ չէ Ադրբեջանը, ապա ինչո՞ւ է դեմ ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այսինքն՝ սա դեռևս գործընթաց է՝ չհամաձայնեցված ձևաչափով, միջնորդությամբ ու նպատակներով»,- նկատեց վերլուծաբանը: