Նոր փողոց՝ Երևանում
Երևանում դանիացի միսիոներուհի, կրթությամբ բժիշկ Մարիա Յակոբսենի անունով փողոց կանվանակոչվի:
Մարիա Յակոբսենը Հայաստանի և հայերի մասին առաջին անգամ լսել է 1895 թ. կոտորածների վերաբերյալ մի բանախոսության ժամանակ։ 1907թ. ամերիկյան նպաստամատույց ընկերության միսիոներների հետ մեկնել է Կ. Պոլիս, այնտեղից էլ՝ Խարբերդ։ Տեսնելով հայերի տառապանքն ու որբերի անմխիթար կացությունը՝ Մարիա Յակոբսենը մյուս միսիոներների հետ (Կարեն Եփփե, Կարեն Փիթըրսոն, օրիորդ Բլեք, տիկին Կրունհակըն, Ջեսսի Հորդ և ուրիշներ) Խարբերդում, Մալաթիայում, Այնթապում և այլուր հիմնել է որբանոցներ ու հիվանդանոցներ։
1912-1914 թթ. բարեգործական առաքելությամբ եղել է Դանիայում։ 1915 թ. նախօրեին վերադարձել է Խարբերդ, ականատես դարձել թուրքական խժդժություններին ու հայերի կոտորածներին։ 1919 թ. վերադարձել է Դանիա։
Երբ քեմալական կառավարությունը Թուրքիայից վտարել է բոլոր եվրոպական և ամերիկյան բարեգործական կազմակերպությունները, Մարիա Յակոբսենը զրկվել է այնտեղ ողջ մնացած հայերին օգնելու հնարավորությունից և, գնալով Լիբանան, զբաղվել է որբահավաքությամբ։ 1922 թ. Սայդայում բացել է «Թռչնոց բույնը» որբանոցը (որբուհիների համար)։