Մինչև դեկտեմբերի վերջ 150 ավտոբուս գալիս է, վարորդների մասին սկսեք մտածել. Քաղաքապետը՝ Թարփոշյանին
«Հաշվետու ժամանակահատվածում 2208 շարժակազմ գտնվել է շահագործման մեջ, որից «ժոնգտոնգ» մակնիշի՝ 1129, «Հագեր» մակնիշի՝ 642, և «Գազել»՝ 437 միավոր: Եղել է 21 ճանապարհատրանսպորտային պատահար՝ առանց լուրջ հետևանքների»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե Մասիվում ստեղծված հավաքակայանում, այս պահի դրությամբ, ի՞նչ խնդիրներ կան, Էլբակ Թարփոշյանը պատասխանեց. «Ինձ մոտ առկա ռեզերվը տեղափոխել եմ այդտեղ՝ ակնկալելով աշխատանքների շարունակությունը: Արդեն դուրս գրված «Բոգդան» և «Պազ» մակնիշի ավտոբուսներն առայժմ չենք տեղափոխել: Դրանք աճուրդի են դրված, բայց մեր տարածքում են գտնվում»:
Քաղաքապետը հարցրեց՝ 150 ավտոբուսները, որ մինչև դեկտեմբերի վերջ գալիս են, դրանց հետ կապված ի՞նչ խնդիրներ կան լուծելու, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը հավաստիացրեց, որ ոչ մի խնդիր չկա, և եթե շինաշխատանքներ չլինեն՝ 4 պարկերում կտեղավորեն:
«Խնդրում եմ, վարորդների մասով արդեն սկսեք մտածել, որ ավտոբուսները գան, մենք խնդիր չունենանք»,- հավելեց Հրաչյա Սարգսյանը: